NEWS.am STYLE-ի խորհուրդները. արեւայրուք՝ առանց տանից դուրս գալու

20:12   15 օգոստոսի, 2015

Ամռանը արեւայրուք ընդունած մաշկը գրավիչ եւ սեքսուալ է դարձնում կանանց։ Համաձայնեք, որ ոսկեգույն արեւայրուքի մասին բոլոր կանայք են երազում. չէ՞ որ այն քողարկում է մաշկի թերությունները՝ անգամ ցելյուլիտը, եւ մի քանի կիլոգրամով «նիհարեցնում» կանանց։ Իսկ ի՞նչ կարելի է անել նման արեւայրուք ստանալու համար, եթե ձեզ չի հաջողվել ծովափ գնալ կամ ինչպես իմ պարագայում՝ ձեր մաշկն ալերգիկ է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Այս պարագայում օգնության են հասնում կոսմետիկ, օրինակ՝ ինքնաարեւայրուք ապահովող միջոցները, որոնց միջոցով առանց արեւի շողերի ազդեցության կարելի է ցանկալի արդյունք ստանալ։ Գլխավորը ինքնաարեւայրուք միջոցի ճիշտ կիրառությունն է, որպեսզի մարմնի վրա հետքեր չմնան։

Դժբախտաբար, երեւանյան սրահներում այսպիսի ծառայություններ դեռ չկան, բայց ցանկության դեպքում նույնը կարելի է անել նաեւ տանը։ Ինքնաարեւայրուք ապահովող միջոցները լինում են քսուքների, մուսերի, սփրեյերի եւ լոսյոնների եւ անգամ հատուկ անձեռոցիկների տեսքով։ Կարելի է գտնել եւ համեմատաբար էժան (Nivea Sun Touch, Dove,  Garnier), եւ բավականին թանկ (Dior, Sisley եւ Clinique) տարբերակներ։ Սակայն միջոցի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել ոչ միայն գինը, այլեւ մաշկի առանձնահատկությունները։ Թխամաշկ եւ մուգ մազեր ունեցող կանանց խորհուրդ է տրվում այն միջոցները, որոնց վրա գրված է dark կամ «թուխ մաշկի համար»։ Եթե ձեր վարսերը շագանակագույն են, իսկ մաշկը՝ դեղձի գույն, ուրեմն ձեզ անհրաժեշտ է գնել «medium» տեսակի միջոցը։ Իսկ եթե ձեր մազերն ու մաշկը բաց գունավորում ունեն, ուրեմն ձեզ համար նախընտրելի տարբերակը «light»-ն է։ Մինչեւ ամբողջ մարմնին քսելը, միջոցը փորձեք մարմնի որոշակի հատվածում՝ սպասելով 12 ժամ։ Այսպես դուք ոչ միայն կտեսնեք, թե ինչ արդյունք եք ստանալու, այլեւ կխուսափեք ալերգիկ ռեակցիաներից՝ տվյալ հատվածում տարօրինակ գազարագույն կամ դեղին երանգի առաջացումից։

Ինքնաարեւայրուք միջոցի կիրառությունից առաջ հարկավոր է պիլինգ անել՝ հեռացնել մաշկի մեռած բջիջները, որպեսզի արեւայրուքն ավելի հավասար եւ բնական ստացվի։ Միջոցը պետք է քսել չոր մաշկին, իսկ վերջում արագ լվանալ ձեռքերը։ Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել արմունկներին եւ ծնկներին, քանի որ այս հատվածներում քսուքի ազդեցությունն ավելի մեծ է, եւ միգուցե գույնն անբնական ստացվի։ Բայց եթե «չափն անցել եք», անհանգստանալու կարիք չկա. ատամի մածուկի եւ խոզանակի միջոցով կարելի է շտկել երանգը։ Միջուկը քսելուց հետո պետք է սպասել 30 րոպե, սակայն վերջնական արդյունքը նկատելի կլինի 5 ժամ անց։ Բնականաբար, պետք չէ այս պրոցեդուրան ավարտելուց հետո սպիտակ հագուստ հագնել։ Ի դեպ, որքան հաճախ կրկնեք այս գործողությունը, այնքան մաշկն ավելի մուգ գունավորում կստանա։

Իսկ ինչ վերաբերում է ինքնաարեւայրուք միջոցի՝ դեմքի մաշկի վրա օգտագործմանը, ապա խորհուրդ կտամ չդիմել այդ քայլին, քանի որ այն անբնական է ստացվելու՝ նույնիսկ եթե ամենաթանկ միջոցը գնեք։Դեմքի գույնի փոփոխության հարցում ձեզ կօգնեն ավելի մուգ երանգ ունեցող տոնային քսուքները, դիմափոշին, որոնց օգտագործման դեպքում արդյունքն ավելի բնական կլինի։

 

 

Յուլիա Վարդանյան

 



© NEWS.am STYLE