Քեթի Հոլմսը գնել է Alterna Haircare-ի բաժնետոմսերը

15:18   21 հունվարի, 2013

Հանրահայտ դերասանուհի Քեթի Հոլմսը դարձել է մազերի խնամքի միջոցների Alterna Haircare մարկայի համասեփականատեր։ Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ, նկատելով նրա ճոխ ու խիտ մազերը, ընկերության ներկայացուցիչները նրան առաջարկել են իրենց գովազդային արշավի դեմքը դառնալ։ Ավելի լավ ծանոթանալով արտադրանքի հետ՝ Քեթին ձեռք է բերել նաեւ բաժնետոմսերի փաթեթ, հաղորդում է TMZ-ը։

«Ուրախ եմ, որ Alterna-ն իր միջոցների արտադրության համար միայն բնական ու օրգանիկ բաղադրիչներ է օգտագործում՝ խուսափելով այնպիսի վնասակար քիմիական նյութերի կիրառումից, ինչպիսիք են սուլֆատներն ու պարաբենները։ Դա բարենպաստ է անդրադառնում իմ մազերին, ինչպես նաեւ չի վնասում մեր մոլորակին, այդ պատճառով էլ շատ հաճելի է դրանցից օգտվելը։ Երբ գործը հասնում է մազերին, կարեւորը սանրվածքը երկար ժամանակ պահպանելն է։ Օգտագործելով լավ միջոցները՝ կարող եք առանց ավելորդ ջանքի հրաշալի տեսք ունենալ», - հայտարարել է դերասանուհին։



© NEWS.am STYLE