17-ամյա Դայանա Դավթյանը կներկայացնի Հայաստանը «Miss Planet-2015» մրցույթում

11:06   29 օգոստոսի, 2015

17-ամյա Դայանա Դավթյանը կներկայացնի Հայաստանը «Miss Planet» մրցույթում: Մրցույթը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` սեպետեմբերի 6-13-ը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դայանան ասաց, որ հպարտ է մեր երկիրը մրցույթում ներկայացնելու համար: Իր համար արդեն իսկ հաղթանակ է մասնակցությունը, սակայն կրկնակի ուրախ ու հպարտ կլինի, եթե հաղթի:

«Դա իմ երազանքներից մեկն էր, կարծում եմ` ամեն ինչ լավ կլինի: Այժմ աշխատում ենք քայլվածքի եւ զգեստներիս վրա: Երկու երեկոյան զգեստ եմ կրելու, որոնք հատուկ ինձ համար պատրաստել է Ֆաինա Հարությունյանը, եւ տարազ` «Տերյան» մշակութային կենտրոնի կողմից: Այնտեղ կա նաեւ «Միսս տաղանդ» մրցույթ, որի ընթացքում քանդակելու եմ: Քանդակը մայրության, գեղեցկության եւ սիրո մասին է»,-նշեց Դայանան:

Գեղեցկուհու խոսքով` չի հուսահատվի, եթե չհաղթի. իր համար առավել կարեւոր է Հայաստանը պատվով ներկայացնելը. «Եթե չհաղթեմ, չեմ հուսահատվի, քանի որ ինձ համար մեծ ուրախություն է մասնակցելը եւ իմ երկիրըը պատվով ներկայացնելը»:

Ի դեպ, Դայանան «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999» Գոհար Հարությունյանի եղբոր դուստրն է, եւ հենց նրա խորհրդով էլ որոշել է զբաղվել մոդելինգով: Գեղեցկուհին 7 ամիս ուսանել է «Ատեքս» նորաձեւության կենտրոնում, որից հետո ցուցադրությունների եւ հեռուստահաղորդաշարերի մասնակցելու հրավերներ է ստացել:

«Miss Planet» մրցույթի ազգային տնօրենը Հայաստանում«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է, որի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանի խոսքով` Դայանային գտել են համագործակցության արդյունքում:

«Իր տարիքը, արտաքին տվյալները, ինչպես նաեւ ինտելեկտը, կրթվածությունն ու լեզուների իմացությունը մեզ ստիպեցին հենց նրան ընտրել: Արժանավայել ներկայանալն արվեստ է: Այդ ամենը Դայանայի մեջ տեսնելով` որոշեցինք համագործակցել: Հետաքրքիր է, որ Գոհար Հարությունյանի հետ ազգակցական կապի մասին մենք շատ ավելի ուշ ենք իմացել: Փաստորեն, տարիներ անց գեները կրկին ի հայտ են եկել»,-նշեց Լուսինեն:

Ի դեպ, «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան վերջին ամիսներին տարբեր երկրներից մրցույթների հրավերներ է ստանում, եւ Լուսինե Բաղդասարյանը կարծում է, որ ժամանակն` մեր երկիրը դրսում ճիշտ եւ արժանավայել ներկայացնելու համար:

««Miss Planet-2015» մրցույթին որոշեցինք մասնակցել, քանի որ Թբիլիսին եւ’ մոտ էր, եւ’ «Miss Planet» ապրաքային նշանը գրանցված է համաշխարհային մտավոր սեփականության ապրանքային նշանների (WIPO) բազայում»,-հավելեց Լուսինե Բաղդասարյանը:

Ի դեպ, մրցույթին մասնակցում են փորձառու մոդելներ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում եւ Վրաստանից ու Ադրբեջանից, ինչը ինտրիգ կհաղորդի մրցույթին:

Զրուցեց Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE