Ընտրում ենք օղեր

22:14   21 հունվարի, 2013

Օղերը համարյա բոլոր կանանց սիրելի զարդն են։ Դրանք լինում են կլոր, օվալաձեւ ու քառակուսի։ Լինում են ինչպես ոսկյա, այնպես էլ արծաթյա։ Լինում են թե՛ կախված, թե՛ մեխով։ Լինում են բրենդային ու սովորական։ Ինչպես գլուխ հանել։ Ի՞նչ օղեր ընտրել եւ ինչո՞ւ։ Այս հարցում NEWS.am STYLE-ին օգնեց SG գեղեցկության սրահի կոսմետոլոգ Մարինա Քոչարյանը։

Որպես մասնագետ, ի՞նչ տեսակ օղեր խորհուրդ կտաք. կպնող, մեխով թե՞ կախովի։

Կպնող ու մեխով օղերը կարող են տրորել ականջն ու գրգռել կենսաբանորեն ակտիվ կետերը։ Օղերի մյուս տեսակներն արդեն ճաշակի հարց է։

Կարելի՞ է երկար ու ծանր օղեր կրել։

Իհարկե ոչ, քանի որ դրանք, լրացուցիչ ծանրություն լինելով, կարող են ուժեղ գլխացավերի պատճառ դառնալ։ Իսկ եթե ցանկությունը մեծ է, ապա խորհուրդ կտամ դրանք կրել ընդամենը մի քանի ժամ, տուն վերադառնալիս կամ հարմար այլ պահի անմիջապես հանել, որպեսզի ականջի բլթակը հանգստանա ծանրությունից ու անհարմարությունից։

Գոյություն ունի արդյո՞ք օղերի ընտրության սահմանափակում, թե՞ բոլորին ամեն ինչ սազում է։

Միանշանակ, եթե մարդու դեմքը կլոր է, ապա կլոր օղեր կրելը կտրականապես արգելվում է։ Այդ դեպքում ավելի լավ է երկարները կրել։ Համապատասխանաբար, եթե դեմքն օվալ է, ապա խորհուրդ չեն տվում երկար օղերը, նախընտրելի են կպնողները կամ մեխովը։ Մի խոսքով, ցանկացած դեպքում պետք է հաշվի առնել դեմքի ձեւը, ամեն ինչ անհատական է։ Օղը հասարակ աքսեսուար չէ։ Այն ստեղծված է մարդուն հատուկ զարդարելու, նրա առավելոթյուններն ընդգծելու համար։

Ի՞նչ օղեր են այսօր նորաձեւ համարվում։

Հիմնականում փետուրներով, երկար, գեղեցիկ, իսկ ամենակարեւորը՝ վառ գույներով։ Նորաձեւ են նաեւ մեծ, խոշոր օղերը։ Գերակշռում են ոսկյա զարդերը։ Կախված օղերը նույնպես շատ արդիական են։

Եւ վերջում, կարելի է արդյո՞ք գնել օղեր առաջին պատահած խանութում։

Ակնհայտ է, որ եթե օղը գնես անցումի տակից, ապա այն շատ շուտ կկորցնի իր փայլը, ձեւն ու կարող է բորբոքում առաջացնել։ Այդպիսի օղերը կարելի է առավելագույնը մեկ երկու շաբաթ կրել։ Ինչը չի կարելի ասել բրենդայինների մասին։ Թեեւ պետք է հաշվի առնել, որ ոսկյա օղերը նույնպես հատուկ խնամքի կարիք ունեն։ Ժամանակի ընթացքում դրանք պետք է սպիրտով տրորել, մաքրել՝ բորբոքումներից ու վարակներից խուսափելու համար։ Մի խոսքով, պետք է ամեն դեպքում որակյալ օղեր գնել, անկախ գնից։ Չարժե խնայել օղերի վրա, քանի որ «գծուծ մարդը կրնակի է վճարում»։ Ձգտեք գնել վստահելի տեղերից եւ ոչ մի խնդիր չեք ունենա։

Զրուցեց Լաուրա Բալայանը



© NEWS.am STYLE