Ինչու՞ է «Գազպրոմ»-ի մենեջեր եւ պատգամավոր Օլեգ Անդրեեւի դուստրը ծեծել Իրինա Դուբցովային

10:04   7 սեպտեմբերի, 2015

Օրեր առաջ հայտնի երգչուհի Իրինա Դուբցովային ծեծել էին Նոր Ուրենգոյի օդանավակայանում։ Անծանոթ կինը հարձակվել էր երգչուհու վրա, որը ոչ դիմադրել, ոչ էլ վիրավորել էր կնոջը։ Չնայած ստացած վնասվածքներին՝ երգչուհին չէր հետաձգել Նոր Ուրենգոյում կայանալիք իր համերգը։

Այժմ հայտնի է դարձել, թե ով է հարձակվել երգչուհու վրա եւ ինչու։

«МК»-ի փոխանցմամբ՝ երգչուհուն ծեծել է քաղաքական գործիչ, պատգամավոր, «Газпром добыча Ямбург»-ի՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր ընկերության մենեջեր Օլեգ Անդրեեւի աղջիկը՝ Դարյան։

Երկու կանանց միջեւ վիճաբանություն է սկսվել բիզնես կարգի ուղեւորներին դիմավորող միկրոավտոբուսի մեջ։ Իսկ այժմ նրանց վիճաբանությունը տեղափոխվել է մեկ այլ հարթակ. Իրինան եւ Դարյան սոցիալական կայքերում փոխադարձ վիրավորանքներ են գրում միմյանց մասին, հայտնել է ТАСС-ը։ 

«Комсомольская Правда»փոխանցմամբ` Իրինան Insragram-ում գրել է, որ նա խնդրել է փակել միկրոավտոբուսի դուռը, ինչին ի պատասխան Դարյան հորդորել է նրան «փակել բերանը»։

Իսկ Դարյան պնդում է, որ Իրինան հարբած է եղել եւ սկսել է բոլորին վիրավորել, երբ իմացել է, որ ստիպված է սպասել ավտոբուսին։

«Հոգնեցի այստեղ սպասելուց։ Գնացեք գրողի ծոցը։ Ինչու՞ պետք է այսքան երկար սպասենք»,- բղավել է Դուբցովան։

Պատգամավորի աղջիկը նկատողություն է արել երգչուհուն, ինչը դուր չի եկել Դուբցովային, եւ նա վիրավորել է Դարյային։ Այնուհետեւ վիճաբանությունը շարունակվել է օդանավակայանում, որտեղ Դարյան հարվածել է Իրինային։

Նշենք, որ Ուրալի դաշնային շրջանի ոստիկանությունից տեղեկացրել են, որ Իրինա Դուբցովան հայտ է ներկայացրել Դարյա Անդրեեւայի դեմ՝ մեղադրելով նրան մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Դարյա Անդրեեւան նույնպես հայց է ներկայացրել երգչուհու դեմ՝ մեղադրելով իրեն վիրավորելու մեջ։ Այժմ ոստիկանությունը քննություն է անցկացնում։

  



© NEWS.am STYLE