NEWS.am STYLE Exclusive: Ինչպես է «Կարիբյան ծովի հայազգի ծովահեն» Մարկո Խանը գերազանցել թուրք դերասաններին եւ ինչու՞ է ներողություն խնդրել Քրիստեն Ստյուարտից

12:04   9 սեպտեմբերի, 2015

«Կարիբյան ծովի ծովահենները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ.թ.ա.»` կարելի է շարունակել հոլիվուդյան այն ֆիլմերի ցուցակը, որտեղ նկարահանվել է հայազգի դերասան Մարկո Խանը (Մարկո Խանլյան): Հայտնի նախագծերում Ջոննի Դեփի, Քիրա Նայթլիի, Քրիստեն Ստյուարտի, Ռոբերթ Դաունի կրտսերի և մի շարք այլ աստղերի հետ աշխատած  դերասանը նշում է. «Իմ կյանքի լավագույն աշխատանքը տղայիս միայնակ` սեփական ուժերով մեծածցնելն էր: Դա ամենակարևոր բանն է, ինչ արել եմ մինչ օրս»:

 NEWS.am STYLE-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հոլիվուդի ամենահայտնի հայերից մեկի հետ:

- Մարկո, ինչպե՞ս հայտնվեցիք Հոլիվուդում: 

- Մինչ ֆիլմերում նկարահանվելը ես զբաղվում էի ռեստորանային բիզնեսով: 12 տարի աշխատել եմ ամեն օր` 12-14 ժամ: Չունեի անձնական կյանք… Իսկ 1993 թ-ին հայրս մահացավ: Իմ պատմությունը հասկանալու համար նախ եկեք ներկայացնեմ նրա պատմությունը:

Երիտասարդ տարիքում հայրս հրաշալի օպերային երգիչ էր. նրան համեմատում էին Էնրիկո Կարուզոյի և Մարիո Լանզայի հետ: Սակայն ավելի ուշ նա ստիպված էր թողնել երգելը և այլ աշխատանք փնտրել, որպեսզի կարողանար պահել իր ընտանիքը: Տարիներ անց, երբ ձեռք բերեցի իմ ռեստորանը, նա այնտեղ սկսեց երգել օպերային երգեր: Ես այնքան հպարտ էի, որ 64 տարեկանում նա այդքան լավ ձայն ուներ: Երբ տեսնում էի հորս աչքերի փայլը, մտածում էի. «Այս մարդը պետք է շարունակեր երգել, քանի որ երբ երգում է, իրեն հանդիսատեսի առջև է պատկերացնում»: Ցավոք` նա մահացավ 64 տարեկանում` սրտի կաթվածից: Նրա մահից հետո ես սկսեցի մտածել, որ չեմ ցանկանում ինչ-որ բանի համար զղջալ իմ կյանքում և որոշեցի անել այն, ինչն ինձ, իսկապես, դուր է գալիս: Սկզբում որոշեցի դառնալ ֆուտբոլիստ: Հետո հիշեցի, որ հայրս ասում էր. «Երբ գնանք Ամերիկա, կվիրահատենք քո քիթն ու դու կնկարահանվես ֆիլմերում»: Նա ի՞նչ իմանար, որ հենց իմ քիթն է դառնալու իմ այցեքարտը: Այսպիսով, ինձ մոտ ցանկություն առաջացավ նկարահանվել ֆիլմերում, բայց ես չունեի ոչ մի կապեր: Փակեցի ռեստորանս, որպեսզի այլևս հետ չնայեմ և մարզասրահի ընկերներիս խորհրդով դարձա երկրորդ պլանի դերասան: Քանի որ շատ ատլետիկ կառուցվածք ունեի, ինձ հրավիրեցին աշխատելու The Universal Studios-ում` «Ջրերի աշխարհ» և «Վայրի-վայրի արևմուտք» նախագծերում:

- Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը հայտնի ռեժիսորների և դերասանների հետ:

- Որպես երկրոդ պլանի դերասան` ես հաճախ էի մարմնավորում թիկնապահների, կամ, այսպես ասած, «վատ տղաների», ինչն, իրականում իմ օգտին եղավ: Մի անգամ ռեժիսորն ասաց. «Ինձ դուր չի գալիս այն, որ դու կանգնում ես գլխավոր դերակատարների կողքին և ոչինչ չես ասում»: Հետո ինձ խոսքեր տվեցին: Հետագայում ռեժիսորն ինձ հարցրեց. «Ի՞նչ ես անում այստեղ»: Ես էլ պատասխանեցի. «Ուզում եմ նկարահանվել»: Նա էլ, թե. «Ինչո՞ւ ես ընտրել ստվերում մնալը: Դու հետաքրքիր արտաքին ունես, դերասանական դասընթացների հաճախիր, իսկ հետո կապվիր ինձ հետ»: Այսպիսով, սկսեցի հաճախել դերասանական դասընթացների ու ամեն ինչ այդպես սկսվեց:

Որդու հետ

- Հոլիվուդյան մի շարք աստղերի հետ եք նկարահանվել: Ո՞ւմ հետ էր, հատկապես, տպավորիչ աշխատելը:

-Շատ տաղանդավոր դերասանների հետ եմ պատիվ ունեցել աշխատելու, ինչպիսիք են` Ջոննի Դեփը, Ադամ Սենդլերը (3 անգամ), Ռոբերթ Դաունի կրտսերը, Քրիստեն Ստյուարտը, Կամիլլա Բելլը, Սթիվեն Սթրեյթը, Ալբերտ Բրուքսը և այլք…Համագործակցել եմ նաև ռեժիսորներ Ռոլանդ Էմերիխի (2 անգամ), Գոռ Վերբինսկու և Ջոն Ֆավրոյի հետ: Շատ անուններ կան, որոնց կցանկանայի նշել, բայց նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատելն էլ յուրահատուկ զգացողություն էր և դժվար է նշել միայն մեկին:

Ատոմ Էգոյան եւ Մարկո Խան

-Ինչպես արդեն նշեցիք, շատ հայտնի ռեժիսորների հետ եք աշխատել: Իսկ կա՞ն այնպիսիք, որոնց հետ կցանկանայիք ապագայում համագործակցել:

- Մեծ սիրով կաշխատեմ նրանց հետ, ում հետ արդեն աշխատել եմ, ինչպես նաև ցանկացած ռեժիսորի հետ, ով կցանկանա տեսնել ինձ իր ֆիլմում: Հնարավորության դեպքում սիրով կաշխատեի նաև Հայաստանում, Եվրոպական երկրներում, Ռուսաստանում…Հետագայում էլ կցանկանայի աշխատել Ռոլանդ Էմերիխի հետ, քանի որ նա հրաշալի ֆիլմեր է նկարում:

Մարկո Խան եւ Ռոլանդ Էմերիխ

-«Կարիբյան ծովի ծովահենները 2: Մեռյալի սնդուկը»  ֆիլմում մարմնավորում եք ազգությամբ թուրք ծովահենի: Ինչպե՞ս Ձեզ տվեցին այդ դերը:

- (Ծիծաղում է): Լսումներին մասնակցում էին նաև երկու թուրք դերասաններ: Մեզ բոլորիս կանչեցին ռեժիսոր Գոռ Վերբինսկու և պրոդյուսեր Ջերրի Բրուքհայմերի մոտ: Երբ Ջերրին և Գոռը մեզանից յուրաքանչյուրին խնդրեցին թուրքերենով որևէ բան ասել, թուրք դերասանները համոզված էին, որ իրենցից մեկին են ընտրելու: Մենք պետք է ձևացնեինք, թե ինչ-որ մարմին ենք նետում ծովը և թուրքերենով բառեր ասեինք: Այդ թուրքերն արդեն գժվում էին, որովհետև Գոռի ու Ջերրիի ամբողջ ուշադրությունն ինձ վրա էր: Դե, ավելորդ է արդեն ասել, որ նրանք ինձ ընտրեցին: Քանի որ ֆիլմը պետք է սկսվեր այդ տեսարանով, ես էի օրվա գլխավոր դերասանը. բազում զրույցներ ունեցա ռեժիսորի և պրոդյուսերի հետ, ինձ տարբեր անկյուններից նկարահանեցին, բայց ինչպես Հոլիվուդում ընդունված է` այդ կադրերից շատերը կրճատեցին: Երանի~ պահեին…

Մարկո Խանը՝ Օմար Շարիֆի հետ

-Մարկո, սովորաբար «վատ տղաների» եք մարմնավորում: Հե՞շտ են տրվում Ձեզ այդ դերերը:  

-Այո, ճիշտ է` ֆիլմերից շատերում չարագործների եմ մարմնավորում, բայց եթե համեմատեք իմ մյուս հերոսներին «Աստված մահացած չէ», «Ծղոտե տիկնիկներ» և «Ճամբար X-Ray» ֆիլմերում մարմնավորած իմ հերոսների հետ, կզգաք տարբերությունը: Նրանք ավելի խորը կերպարներ են: Կցանկանայի նաև կատակերգությունում աշխատել: Իմ այդ կողմը ոչ բոլորին է հայտնի:

Մարկո Խան, Կամիլա Բել եւ Հարալդ Քլոզեր

- Ձեր մարմնավորած կերպարներից, հատկապես, ո՞ր մեկը կառաձնացնեիք:

-Կառանձնացնեի միաչքանի կերպարիս («Մ.թ.ա. 10 000 տարի առաջ»), քանի որ նրա վրա աշխատել եմ 6 ամիս և կարողացել եմ ստեղծել այդ հերոսին: Իսկ հիմա, երբ ավելի մեծ փորձ ունեմ, նաև կառանձնացնեի Միսրաբին («Աստված մահացած չէ»), Մահմուդին («Ճամբար X-Ray») և Գևորգին («Ծղոտե տիկնիկներ»):

Մարկո Խան եւ Էրիկ Ռոբերթս

-«Ճամբար X-Ray»-ում Ձեր խաղընկերուհին «Մթնշաղի» աստղ Քրիստեն Ստյուարտն է: Ինչպե՞ս էր նրա հետ աշխատելը:

-Քրիստենի հետ աշխատելը հրաշալի էր: Շատ պրոֆեսիոնալ դերասանուհի է: Ըստ սցենարի` պետք է կռվեի նրա հետ և թքեի նրա երեսին: Սակայն ես դա անել չէի կարողանում և երեսին թքելու փոխարեն նրա համազգեստի վրա էի թքում: Բայց սցենարն այլ բան էր պահանջում…Ես մոտեցա Քրիստենին և ռեժիսորին ու ասացի. «Ես նախկինում երբեք չեմ թքել որևէ մեկի երեսին, էլ չասեմ, որ այս դեպքում խոսքը գնում է մի երիտասարդ աղջկա մասին, ում համար ես հայր կարող էի լինել»:

Դրանից հետո Քրիստենն ինձ մի կողմ քաշեց և ասաց. «Դու պե՛տք է դա անես: Ես ուզում եմ, որ անես»: Դա անելուց հետո ես մոտեցա նրան, ներողություն խնդրեցի և գրկեցի: Հետագայում` երեկույթներից մեկի ժամանակ նա մոտեցավ ինձ և ասաց. «Ինձ քո հասցեն տուր: Ուզում եմ քեզ շնորհակալական բացիկ ուղարկել»: Նրա հետ էլի մեծ սիրով կաշխատեի:

- Իսկ ներկա պահին ի՞նչ նախագծերի շուրջ եք աշխատում:

-Ներկայումս աշխատում եմ խոշոր բյուջե ունեցող մի ֆիլմի վրա, որի մասին դեռևս չեմ կարող խոսել: Նաև իմ սեփական նախագծերն եմ ստեղծում` կատակերգական ժանրից մինչև էքշն…Եթե կան հովանավորներ, սիրով կհամագործակցեմ :)

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն հայ դերասաններին, ովքեր ցանկանում են հայտնվել Հոլիվուդում:

-Դերասանական դասընթացների հաճախելը շատ կարևոր է: Պետք է հստակ գիտակցեք, թե ինչ տիպի դերեր եք ցանկանում խաղալ: Սակայն միայն դերասանությունը բավական չէ, պետք է լինես կրթված, որպեսզի կարողանաս ֆինանսապես էլ աջակցել ինքդ քեզ: Նկարահանման հրապարակում ընկերացիր բոլորի հետ, երբեք չես կարող իմանալ, թե նրանցից ով հայտնի կդառնա: Հոլիվուդում աշխատելու համար պետք է սահուն տիրապետել անգլերենին: Երբեք չպետք է դիմացինին թերագնահատել: Եթե քննադատում են, պետք է ընդունել քննադատությունը և սովորել դրանից, չպետք է հուսահատվել, եթե մերժում են…Եթե նկարահանվելը ձեր տարերքն է, ուրեմն երբեք չհանձնվեք:

Կցանկանայի Հայաստանում էլ ստեղծել Հոլիվուդ, որտեղ կլինեն պրոֆեսիոնալ դերասաններ, ռեժիսորներ և պրոֆեսիոնալ աշխատակազմ, որպեսզի այստեղ էլ գային տարբեր երկրներից մասնագետներ նկարահանումներ իրականացնելու համար, և ոչ թե իրենց հետ բերեին սեփական անձնակազմին, այլ ասեին. «Մենք պետք է աշխատենք հայերի հետ: Նրանք պրոֆեսիոնալներ են»:

- Եթե չեմ սխալվում, Դուք դեռ չեք եղել Հայաստանում: Մոտ ապագայում Հայաստան այցելելու ծրագրեր ունե՞ք:

-Դժբախտաբար, դեռ չեմ եղել…Երբ ժամանակ ունեի, գումար չունեի, երբ գումար ունեի, ժամանակ չկար…Բայց գիտեմ, որ շուտով կգամ ու վստահ եմ, երբ հասնեմ Հայաստան, ծնկի կիջնեմ և կհամբուրեմ հողը: Երբ լսեմ, թե ինչպես են իմ քույրերն ու եղբայրները խոսում իմ մայրենի լեզվով, կարտասվեմ, բայց դրանք կլինեն երջանկության արցունքներ…

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE