19:41 12 սեպտեմբերի, 2015«Հիմա ես շատ փակ եմ ապրում, բայց ունեմ շատ լավ ընկեներ. դրանք գրքերն ու ձայնապնակներն են». այս մասին այսօր LOFT-ում իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Մաեստրոն տարիներ առաջ ընկերություն է արել Սոս Սարգսյանի, Սերգեյ Փարաջանովի, Հրանտ Մաթեւոսյանի, Պարույր Սեւակի, Մարտիրոս Սարյանի հետ. «Աստված իմ, ի՜նչ ընկերություն էր: Սեւակը շատ կռվարար էր, պայթուցիկ, բայց եւ մեծ եղբոր պես, երբ մի բան էր առաջարկում, խնդրանքով էր ասում: Իսկ Սարյանի հետ ավելի շատ պապ ու թոռան հարաբերություններ էին, քան ընկերական»,-թախիծով իր երիտասարդության օրերը հիշեց Մանսուրյանը:
Մաեստրոյի պատասխաններն իր երկրպագուների մյուս հարցերին ներկայացնում ենք ստորեւ.
Հին օրերի երգը
Ես Արթիկում եմ մեծացել: Շիրակի դաշտերի երգերն են իմ հին օրերի երգերը:
Հայաստան վերադառնալու մասին
1947 թվականին ընտանիքով Բեյրութից տեղափոխվեցինք Հայաստան: Այդ տարիներին շատ դժվար էր ինտեգրվելը Հայաստանում: Հայրս շատ էր ցանկանում, որ ես երաժիշտ դառնամ, եւ արդեն այդ ծրագրով վերադառնում էինք: Կարծում եմ, եթե մենք մնայինք Բեյրութում, ես երաժիշտ չէի դառնա: Հայաստան տեղափոխվելը ճակատագրական էր:
Պատարագ գրելու մասին
Շատ եմ ցանկանում պատարագ գրել, քանի որ եկեղեցական երաժշտությունը պետք է կանոնակարգվի:
Կնոջ մասին
Ես միայնակ եմ ապրում: Իմ կինը, որի հետ ընկերություն ենք արել 47 տարի, արդեն 11 տարի է՝ ինձ հետ չէ: Միասին Կոնսերվատորիա ենք ընդունվել, միասին՝ ավարտել, ինքը՝ կարմիր դիպլոմով, ես՝ ոչ: Երաժշտագետ էր, բայց երբեք մանկավարժության ոլորտից չշեղվեց:
Շատ էր ցանկանում, որ մի ստեղծագործություն նվիրեմ իրեն, եւ երբ արդեն գիտեի, որ ծանր հիվանդ է, Չարենցի բանաստեղծություններից մեկի հիման վրա երգ գրեցի եւ նվիրեցի իրեն: Լավ կյանք ապրեցինք միասին:
Շուշան Շատիկյան