«Կենդանացած հեքիաթ». Dior-ի ցուցադրությունը Փարիզի Բարձրակարգ նորաձեւության շաբաթին

18:56   23 հունվարի, 2013

Բարձրակարգ նորաձեւության շաբաթվա շրջանակում Փարիզում տեղի ունեցավ Dior-ի ցուցադրությունը։ Բերգիացի լանդշաֆտային դիզայներ Մարթին Վիրթցի շնորհիվ մոդելյոր Ռաֆ Սիմոնսը հարթակը կարողացավ վերածել կախարդական հեքիաթի։

Ցուցադրությունը բացեց անհամաչափ կիսաշրջազգեստով ու սպիտակ քթով սեւ նավակ-կոշիկներ հագած սպիտակաթույր բյուստյե-զգեստով մոդելը։ Ապա հետեւեցին ծնկներից ներքեւ իջնող երկնագույն ծավալուն կիսաշրջազգեստով սեւ բոդին, կատարյալ ձեւված սեւ սմոքինգը, երկու՝ վերեւի՝ ճոխ ու կարճ, եւ ներքեւի՝ մինչեւ ծնկներն իջնող նեղ ու երկար կիսաշրջազգեստերով բյուստյե-զգեստը։
Թվում էր՝ նրբագեղություն, դասական ոճ… Սակայն՝ ոչ։ Dior-ի հեքիաթային թագավորությունում ամեն ինչ հանկարծ կերպափոխվեց ու գունավորվեց վառ երանգներով. բաց դեղին՝ զուգագուլպաները, կորալի գույն՝ կարճ թեւքերով թեթեւ վերարկուն, նուրբ նարնջագույն՝ կարծես կտորին սոսնձված ծաղիկների թերթիկներ՝ սպիտակ հագուստի վրա։ Մինչեւ հատակ իջնող դեղին զգեստին փոխարինեցին շեկ գույնի տաբատն ու փայլոն վարդագույն վերնահագուստը…

Վերջում հարթակ բարձրացան թերթիկներով կարված երկար «օդային» զգեստներով ու կոկիկ շղարշե գլխարկներով մոդելները՝ կրկին՝ հեքիաթի կենդանացած հերոսներ։

Լուսանկարները՝ Buro247 կայքից



© NEWS.am STYLE