Ռիշար Բոնային ամուսնության առաջարկություն արեցին երեւանյան համերգի ժամանակ (ֆոտո)

22:39   18 սեպտեմբերի, 2015

Yerevan Jazz Fest 2015-ի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ ունեցավ վիրտուոզ բաս կիթառահար, ջազ-ռոքի վարպետ Ռիշար Բոնան (ֆոտոռեպորտաժ):

Շուրջ երկու ժամ տեւած համերգն առանց «միջադեպի» չանցավ: Համերգի կեսից դահլիճից մի աղջիկ բղավեց. «Բոնա, կամուսնանա՞ս ինձ հետ»:

Երաժիշտը հումորով պատասխանեց՝ «Իհարկե, եթե դու շատ փող ունես, կամուսնանամ քեզ հետ»:

Բոնան կատարումներն ընդմիջում էր մենախոսությամբ, որոնցից մեկի ժամանակ հայտարարեց.

«Ես եղել եմ Փարիզում, Ռիո դե Ժանեյրոյում, իսկ հիմա Երեւանում եմ, եւ սրանցից ամենասիրելին Երեւանն է: Առաջին անգամ եմ այստեղ, եւ հույս ունեմ՝ ոչ վերջին»:

Համերգի ավարտից հետո Ռիշար Բոնան հանդիսատեսի պահանջով երկու անգամ ստիպված եղավ վերադառնալ բեմ ու կրկին երգել: Եղան  նաեւ նրա հետ բեմում «սելֆի» անողներ, ձայնակցողներ եւ, իհարկե, անվերջ «ձգվող» ցափողջույններ:

Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE