Երևանում 13-րդ անգամ կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը

16:25   24 սեպտեմբերի, 2015

Հոկտեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արդեն 13-րդ անգամ կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը:

«Այո՛, «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կանցկացվի 13-րդ անգամ: Գիտե՞ք` չունենք մտավախություն 13 թվից և, նույնիսկ, մտածում էինք այն ներառել մեր դիզայնի մեջ, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով մոռացանք»,-Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում կլինի առանձին ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

«Այս տարվա մեր ծրագիրը ոչ թե մեծ է կամ  հզոր, այլ, պարզապես, շլացուցիչ է և վեհ, որովհետև մենք 7 օրվա ընթացքում կունենանք 52 անվանում ներկայացում, կխաղացվի ավելի քան 75 ներկայացում: Նույնիսկ ունենք օր, որի ընթացքում կներկայացնենք 12-ը: 1 օրվա ընթացքում, ամենաքիչը, կունենանք 6 ներկայացում»,-նշեց Ղուկասյանը:

Այս տարի փառատոնը կբացվի «Զգացողությունների թանգարան» կոչվող ներկայացումով, քանի որ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս անգամ  ևս կրում է համանուն խորագիրը:

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն մոտ 25 երկրից 250 մասնակից և հյուրեր: Այդ երկրներն են` Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան, Լեհաստանը, Լիբանանը, Իսրայելը, Լիտվան, Հունգարիան, Չեխիան, Նորվեգիան, Հունաստանը, Էստոնիան, Սերբիան, Ղազախստանը, Բանգլադեշը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը  և այլն:

Արթուր Ղուկասյանը նշեց, որ այս օրերին թատերասերները հնարավորություն կունենան նաև վայելելու Շեքսպիրյան  «Գլոբուս» թատրոնի «Համլետ» ներկայացումը, որն, ի դեպ, միակ վճարովի ներկայացումն է լինելու: Փառատոնի շրջանակներում անցկացվելիք մյուս ներկայացումների մուտքն անվճար է լինելու:

««Գլոբուս» թատրոնի ներկայացումը վճարովի է, քանի որ դա մտնում է իրենց համաշխարհային շրջագայության մեջ»,-տեղեկացրեց Ղուկասյանը:

 

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ին կմասնակցեն Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները: Ինչ վերաբերում է մարզային թատրոնների մասնակցությանը` Արթուր Ղուկասյանն ասաց. «Մարզերից թատրոններ չենք ունենա, քանի որ վերջիններս փառատոնին մասնակցելու հայտ չեն ներկայացրել»:

Խոսելով փառատոնի կարևորության մասին` նախագահը նշեց. «Մենք չունենք գլխավոր ասելիք: Մեր առաքելությունն է` ներկայացնել բեմական արվեստի լավագույն նմուշները և մեր արվեստը տեսանելի դարձնել արտասահմանում»:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է 2003 թ-ից, իսկ 2006 թ-ից սկսած` այն դարձավ նախկին ԽՍՀՄ տարածքի (բացառությամբ Մոսկվան) գլխավոր թատերական փառատոնը:

 

Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE