Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. Ճակատագրական 25 թիվը դերասանների կյանքում

13:29   25 սեպտեմբերի, 2015

Հոլիվուդյան դերասաններ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա-Ջոնսը ամուսնացել են 2000 թ-ին: Մայքլը Քեթրինին նկատել է Մարտին Քեմփբելի «Զորրոյի դիմակը» ֆիլմում: Ֆիլմը դիտելու ընթացքում նա այնքան է տարվում գլխավոր հերոսուհու գեղեցկությամբ, որ որոշում է, անպայման, հանդիպել նրան: Նույն թվականին (1998) դերասանները հանդիպում են Ֆրանսիայում` «Deauville Film Festival»-ի ժամանակ:

Նրանց ծանոթացնում է դերասան Դեննի ԴեՎիտոն: Այդպիսով` հոլիվուդյան դերասանները սկսում են հանդիպել, իսկ 2000 թ-ին` չնայած տարիքային տարբերությանը` աստղերն ամուսնանում են: Ի դեպ, դերասանների միջև ուղիղ 25 տարվա տարիքային տարբերություն է և նրանք երկուսն էլ ծնվել են այսօր` սեպտեմբերի 25-ին:

Դիտարկենք այսօրվա հոբելյարների` Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի դերասանական ուղին:

Քըրք Դուգլասի 4 որդիներից ավագը` այսօր իր 71-ամյակը նշող Մայքլ Դուգլասը, իր դերասանական կարիերան սկսել է «Սան Ֆրանցիսոկոյի փողոցները» հեռուստասերիալից, ինչի համար դերասանն արժանացել է միանգամից 3 «Էմմի» մրցանակի: Օսկարակիր դերասանի հայտնի ֆիլմերից են` «Հիմնական բնազդ», «Ուոլ-սթրիթ», «Թրաֆիկ»,  «Կատարյալ սպանություն», «Ուրվականն ու խավարը», «Խելագարը», «Իմ նախկին հարսանացուների հոգիները» և այլն:

Բացի ֆիլմերում նկարահանվելուց, Մայքլը նաև հաջողություններ է գրանցել որպես պրոդյուսեր: Խոսելով երկու ասպարեզներում էլ հաջողակ լինելու մասին` Դուգլասն ասել է. «Կարծում եմ` ես քամելիոն եմ: Այդ հատկությունը ես ժառանգել եմ, դեռևս, փոքր տարիքից: Չգիտեմ` որքանով է ճիշտ, բայց ինձ մոտ ստացվում է համակերպվել տարբեր իրավիճակներին և ստիպել մյուս մարդկանց էլ հարմարվել դրանց: Ինձ թվում է` հենց այդ քամելիոնի հատկությունն է օգնում ստեղծել ֆիլմեր: Երբ դու հիշում ես, թե ինչու ես հայտնվել մի վայրում, ինչ է քեզ պետք, ապա որքան էլ մարդիկ փորձեն քեզ կոտրել, միևնույն է` դու հաջողության կհասնես»:

 

2010 թ-ին Դուգլասի մոտ հայտնաբերվեց կոկորդի քաղցկեղ: Դերասանի ապաքինման ողջ ընթացքը սթրեսային էր նաև նրա կնոջ` Քեթրինի համար: 2013 թ-ին «People» ամսագիրը լուրեր տարածեց, թե հոլիվուդյան աստղերը որոշել են բաժանվել: Սակայն այդ խոսակցությունները շուտով հերքվեցին, քանի որ մինչ օրս Դուգլասն ու Զետա-Ջոնսը բաժանման վերաբերյալ հայտարարություն չեն տարածել:

Մայքլի կինը` գեղեցկուհի Քեթրին Զետա-Ջոնսն, այսօր նշում է ծննդյան 46-ամյակը:

Քեթրինը ծնվել է Մեծ Բրիտանիայում` Ուելսում: Զետա-Ջոնսի դերասանական կարիերան սկսվել է, երբ նա դեռ 12 տարեկան էր: Նրա առաջին դերը եղել է «Էննի» մյուզիքլում: Ֆիլմերում Քեթրինը սկսել է նկարահանվել 21 տարեկանից: Նրան առաջին անգամ նկատել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆիլիպ դե Պրոկան և առաջարկել նկարահանվել իր «Les 1001 Nuits» («1001 գիշեր») ֆիլմում:

1998  թ-ին, երբ ռեժիսոր Մարտին Քեմբելը դերասանուհի էր փնտրում «Զորրոյի դիմակը» ֆիլմում նկարահանվելու համար, Սթիվեն Սփիլբերգը` գերված Քեթրինի խաղով «Տիտանիկ» (1996) ֆիլմում, առաջարկում է Քեթրինին ընտրել այդ դերի համար: Արդյունքում` Զետա-Ջոնսը ստանում է Էլենայի դերը` նկարահանվելով այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Էնթոնի Հոփքինսը և Անտոնիո Բանդերասը: 

Այդ ֆիլմը ճակատագրական է լինում ոչ միայն Քեթրինի ստեղծագործական, այլև անձնական կյանքում…

Այսօր Օսկարակիր դերասանները մեծացնում են իրենց 2 երեխաներին` 15-ամյա Դիլան Մայքլին և 12-ամյա Քերիս Զետային:

Ի դեպ, քչերին է հայտնի, բայց բացի ֆիլմերում նկարահանվելուց` Քեթրին Զետա-Ջոնսը նաև սիրում է երգել: Իր ելույթներից մեկը Քեթրինը նվիրել է ամուսնուն:

«Նա իմ կյանքը դարձրել է դրամա, կատակերգություն, էքշն և, նույնիսկ, մյուզիքլ…»,-իր ելույթից առաջ նշել է դերասանուհին:

 Չգիտենք, թե ինչպես է Քեթրինն այսօր շնորհավորելու Մայքլին, բայց մենք դա կանենք հենց նրա տվյալ ելույթի միջոցով:

 

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE