21:35 25 սեպտեմբերի, 2015Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Սինեմա Սթարում» կայացավ «Առանց սահմանների» միջազգային կինոկատակերգության պրեմիերան: Ֆիլմի ստեղծագոծական անձնակազմը աննախադեպ ակցիա է իրականացրել, որը կարելի է համեմատել հենց ֆիլմի հերոսների արկածների հետ: Ֆիլմի պրեմիերայից առաջ ցուցադրություններ են կայացել բոլոր այն քաղաքներում, որտեղ կատարվել են ֆիլմի իրադարձությունները՝ Մոսկվայում, Թբիլիսիում, Ալմաթայում եւ Երեւանում:
Ֆիլմի ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլին, պրոդյուսեր Էդուարդ Իլոյանն ու գլխավոր դերակատարներից Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ խոսեցին ֆիլմի ստեղծման, գաղափարի եւ նկարահանումների մասին:
Իլոյանի խոսքով՝ «Առանց սահմանների» ֆիլմը ստեղծելու գաղափարն իր եւ Ռեզո Գիգինեիշվիլիի մոտ առաջացել է նրա «Любовь с акцентом» ֆիլմից հետո:
«Ի սկզբանե որոշել էինք նկարահանել «Любовь с акцентом» ֆիլմի երկրորդ մասը, սակայն հետո որոշեցինք ընդլայնել ֆիլմի սահմաններն ու ընդգրկել նաեւ Հայաստանն ու Ղազախստանը»,-ասաց նա՝ հավելելով, որ ֆիլմի նկարահանումները տեւել են գրեթե 3 տարի:
Անդրադառնալով դերասանների ընտրությանը, վրացի ռեժիսորն ասաց, որ սկզբում ընտրել են Հրանտ Թոխատյանին, հետո մյուս դերասաններին:
«Մենք այսօր առավոտյան պրեմիերա ենք ունեցել Թբիլիսում, եւ եթե դուք տեսնեիք, թե Թոխատյանի անունը լսելիս ինչպես էին մարդիկ ծափահարում, եւս մեկ անգամ հպարտություն կապրեիք: Երջանկություն է նրա նման ընկեր ունենալը, ում անունը Հայաստանում լսելիս մեր առջեւ բացվում էին բոլոր դռները»,-նշեց նա:
Ի դեպ, ֆիլմի համառեժիսորներից է Կարեն Հովհաննիսյանը: «Ինչպե՞ս են բաժանել աշխատանքը» հարցին, Ռեզո Գիգինեիշվիլին պատասխանեց, որ պարզապես չէր կարող իրեն թույլ տալ Հայաստանի մասին միայնակ ֆիլմ նկարահաներ:
«Ես շնորհակալ եմ Կարենին Հայաստանում իրականացրած նկարահանումների համար: Ես նրա շնորհիվ տեսա այնպիսի վայերեր, որոնց մասին նախկինում չգիտեի»,-ասաց նա:
Հրանտ Թոխատյանն էլ նեց, որ շնորհիվ այս ֆիլմի՝ նրանք, ովքեր ծանոթ չէին Հայաստանի պատմությանը, կծանոթանան, իսկ նրանք, ովքեր ծանոթ են, եւս մեկ անգամ «կվերադառնան» այդ վայրեր:
Նշենք, որ ֆիլմի նկարահանումները Հայաստանում իրականացվել են Գառնիում, Գեղադրում եւ Գյումրիում:
«Առանց սահմանների» ֆիլմը չորս հիանալի պատմություն է իր մեջ ամփոփում, որոնք ծավալվում են հետխորհրդային չորս երկրներում: Հերոսներից յուրաքանչյուրը տարբեր ապրումներ է ունենում, որոնց հիմքում ընկած է սերը:
Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հոկտեմերի 22-ից:
Գլխավոր դերերում՝ Հրանտ Թոխատյան, Իննա Չուրիկովա, Օլեգ Բասիլաշվիլի, Ալեքսանդր Ադաբաշյան, Նատալիա Վդովինա, Աննա Չիպոսվսկայա, Իվան Յանկովսկի, Ռավշանա Կուրկովա, Միլոշ Բիկովիչ, Մարիա Շալաեւա Սայերա Սֆաարի, Եգոր Կորեշկով, Անաստասիա Ստեժկո, Ռոման Մայակին:
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի