Քայլեր, որոնք արել են մեր ծնողները

21:18   23 հոկտեմբերի, 2015

Առաջընթացի հետեւից ընկած, մենք, ցավոք, շատ բան ենք կորցրել, որոնք արժեր ամուր պահել: Այնպես որ կարդացեք իմ կազմած ցանկը եւ ինքներդ ձեզ համար որոշեք՝ համաձա՞յն եք ինձ հետ, թե ոչ: Եվ այսպես, մենք հաճախ, ի տարբերություն մեր ծնողների.

Ավելի ու ավելի հազվադեպ ենք շնորհակալություններով լի նամակներ գրում

Ոչ, էլեկտրոնային փոստն այստեղ հարմար չէ. խոսքը թղթի վրա ձեռքով գրված նամակների մասին է: Ես փորձում եմ ուղարկել դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում: Մարդկանց դա դուր է գալիս:

Ավելի հազվադեպ ենք սեղմում մարդկանց ձեռքը

Գործարար շրջանակներից դուրս մարդիկ ընդհանրապես միմյանց ձեռք չեն սեղմում: Եթե անկեղծ, ես ինքս էլ նախընտրում եմ սեղմել դիմացինիս ձեռքը, բայց երբ ստիպված եմ լինում հպվել այդ թառամած, անվստահ ձեռքին, ամեն անգամ մտածում եմ, թե որքան դժբախտ է այդ մարդը:

Ավելի հազվադեպ ենք տարվում հավաքածուներով, հատկապես մանուկ հասակում

Երբ ես փոքր էի, մաստակի պիտակներ էի հավաքում, իսկ տղաներին դուր էր գալիս շշերի խցաններն ու ռոբոտները: Իսկ իմ հայրն, օրինակ, մանուկ հասակում թիթեռների գեղեցիկ հավաքածու է ունեցել: Ես տեսել եմ այն, շատ գեղեցիկ է: Իրեր հավաքելը մեզ սովորեցնում է հավաքված ու պատասխանատու լինել, իսկ մեր օրերում երեխաները հավաքում են համակարգչային խաղերի սկավառակներ, եւ անգամ դրանց հետ անփույթ են վարվում:

Ավելի հազվադեպ ենք մեջքն ուղիղ քայլում

Ցավալի է տեսնել ներկայիս դեռահասների քայլվածքին ու կազմվածքին: Տեսնելով, թե ինչպես են կուզեկուզ քայլում, ես հիշում եմ իմ տատիկին, որը երիտասարդ հասակում շատ սլացիկ է եղել, իսկ հետո կամաց-կամաց կռացել է: Այդ ամենի արդյունքում երբ նա արդեն 90 տարեկան էր, նա գրեթե երկուտակվել էր:

Ավելի հազվադեպ ենք ընկերներին հրավիրում միասին ճաշելու

Եվ իզուր, իհարկե, հաճելի է հանդիպել ու նստել որեւէ սրճարանում, բայց տանը ամեն բան ավելի հարմարավետ կլինի թե ձեզ համար, թե ձեր ընկերների:

Ավելի հազվադեպ ենք զբոսնում

Ամուսնուս տատն ու պապն ամեն օր ընթրիքից հետո միասին զբոսնում են: Դա նպաստում է մարսողությանը, եւ ընդհանրապես հաճելի է: Այո, մենք ապրում ենք հագեցած կյանքով, եւ հաճախ դժվար է ժամանակ հատկացնել զբոսանքի համար, բայց դուք, բոլոր դեպքերում, փորձեք:

Ավելի հազվադեպ ենք ընտանեկան ժողովներ հրավիրում

Երբ ես փոքր էի, մենք ձգտում էինք առնվազն տարեկան մեկ անգամ հավաքվել բոլոր-բոլոր հարազատներով, ու դա անպայման անում էինք ամռանը: Շատ հրաշալի էր:

Ավելի հազվադեպ ենք կարդում

Թեեւ գուցե դա այնդքան էլ այդպես չէ, քանի որ դուք հիմա կարդում եք այս նյութը: Այդ դեպքում՝ ընտրեք ձեր ընկերներից որեւէ մեկին, որը չի սիրում կարդալ եւ նրան մի լավ գիրք նվիրեք:

Ավելի հազվադեպ ենք գարնանային մեծ մաքրություն կազմակերպում

Ես միշտ ցանկացել եմ դա կազմակերպել, բայց միշտ մի գործ խանգարել է: Բայց չէ՞ որ շատ լավ կստացվեր, եթե մաքերինք ապակիները, շրջանակները, հատակը եւ այլն, ազատվենք անպետք իրերից: Կարելի է նույնիսկ հավաքվել մի քանի ընտանիքներով եւ միասին մաքրել տունը:

Ավելի հազվադեպ ենք ընդգրկվում կամավորական նախագծերում

Մեր ժամանակ շատ քչերն են նման բան անում, առնվազն ես շատ քիչ այդպիսի մարդիկ գիտեմ: Այո, իհարկե, շատերը նվիրատվություններ են անում եւ դա հրաշալի է… բայց երբ դուք զոհում եք ոչ միայն գումար, այլեւ ձեր ժամանակը, դուք կարող եք ավելի մեծ օգուտ տալ: Միաժամանակ, դա կարող է ձեզ դուր գալ: Միայն թե փորձեք շատ աշխատանք չվերցնել ձեզ վրա:

Ավելի հազվադեպ ենք զանգահարում մեր մայրերին

Որպես կանոն, ես մայրիկիս հետ հեռախոսով խոսում եմ շաբաթական առնվազն 3 ժամ, երբեմն ավելի շատ: Նա միակ մարդն է, ում հետ ինձ հաճելի է խոսել հեռախոսով: Իսկ եթե դուք չեք կարող զանգահարել ձեր մորը, զանգահարեք ձեր ամենամտերիմ մարդուն: Հավատացեք, դա օգտակար կլինի թե ձեզ, թե նրա համար:

Ավելի հազվադեպ ենք գիշերում ընկերների տանը

Պետք չի դա համարել շատ մանկական զբաղմունք: Գուցե դա տարօրինակ է, բայց կյանքիս ամենահաճելի տպավորություններից մեկը կեսգիշերային զրույցներն են ընկերներիս հետ, որոնց մոտ մնացել եմ գիշերելու: Կարելի է նաեւ համատեղ հանգիստ կազմակերպել ընկերների հետ: բոլորի համար մի մեծ համար պատվիրեք, եւ գումարը կտնտեսեք, եւ ավելի հետաքրքիր կլինի:

Ավելի հազվադեպ ենք թխվածք թխում

Ու նաեւ՝ ապուր եփել: Երբ մեր ընկերները կամ հարազատները իրենց վատ են զգում, տխուր են կամ միայնակ,ուրիշ ի՞նչը կարող է նրանց տրամադրությունն ավելի լավ բարձրացնել, քան տնական ուտելիքը: Իմ մի քանի ընկերներ մասնակցում են մարաթոնների, ու ֆինիշից առաջ ես միշտ ձգտում եմ նրանց համար շոկոլադե տորթ թխել:

Ավելի հազվադեպ ենք աղոթում

Ու կարեւոր չէ, հավատացյալ ենք, թե ոչ: Աղոթել կարող են բոլորը, ու ես համարում եմ, որ աղոթքը մեզ օգնում է, քանի որ այն հիշեցնում է, որ մենք տիեզերքի թեկուզ չնչին մասն ենք, որ մենք էլ ձայն ունենք: Ու չնայած ինձ չի կարելի մոլեռանդ հավատացյալ համարել, բայց ամեն անգամ, երբ շտապ օգնության մեքենա եմ տեսնում, ես խաչակնքվում եմ ու աղոթում նրանց համար, ում այն հիվանդանոց է տեղափոխում:

Ավելի հազվադեպ ենք երկնքին նայում

Մինչդեռ երկինքը, հատկապես եթե ձեր բախտը բերել է ու դուք հարավում եք ապրում, կարող է խելահեղության աստիճանի գեղեցիկ լինել: Այն միշտ մի քիչ ուրիշ է, բայց միեւնույն ժամանակ՝ միշտ նույնը: Գուցե՞ երկինքն իրոք տիեզերական մասշտաբի որեւէ նկարչի կտավ է: Դուք ե՞րբ եք վերջին անգամ հիացել երկնքի ամպերով:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE