ԱՄՆ-ից ժամանած աշխարհահռչակ պարուհի Սառա Ռեյչ. «Գիտե՞ք`Ամերիկայում էլ կան հյուրասեր մարդիկ, բայց Հայաստանում հյուրասիրության մակարդակն ուրիշ է»

19:38   29 սեպտեմբերի, 2015

World Armenia World նախագծի շրջանակներում Հայաստան է ժամանել ամերիկացի աշխարհահռչակ ստեպ-պարուհի Սառա Ռեյչը: Երեկ Սառան արդեն ելույթ է ունեցել Club 12 երաժշտական ակումբում:

«Ամեն ինչն էր երեկ ամերիկյան` ջազը նույնպես, պարզապես, այն հնչեց հայ կատարողների կողմից: Հրաշալի է, որ երաժշտության միջոցով տարբեր ազգերի ներկայացուցիները կարող են հաղորդակցվել»,- «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում կայացած այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց պարուհին:

Խոսելով ստեպ ժանրի մասին, Սառան ասաց. «Ես չեմ կարող իմ կյանքը պատկերացնել առանց ստեպի: Պարել սկսել եմ 5 տարեկանից, իսկ 12 տարեկանում ինձ համար բացահայտեցի ստեպ ժանրը: Ինձ, հատկապես, ոգեշնչեցին իմ ուսուցիչները, որոնցից է, օրինակ, Փոլ Քենեդին: Ինձ ոգեշնչում են 1930-40-ական թ-երի պարողները»:

Սառային Հայաստանում դուր է եկել բանջարեղենը և մարդկանց հյուրասիրությունը: «Գիտե՞ք`Ամերիկայում էլ կան հյուրասեր մարդիկ, բայց Հայաստանում հյուրասիրության մակարդակն ուրիշ է»,-ասաց պարուհին, որը նաև տպավորված է հայկական մշակույթով, հատկապես, դհոլի հնչուններով, որը, նույնիսկ, համեմատեց բրազիլական թմբուկի հետ:

NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց պարուհուց, թե որքա՞ն է պատրաստվում մնալ Հայաստանում և ի՞նչ ծրագրեր է իրագործելու այստեղ գտնվելու ընթացքում. «Հայաստանում մնալու եմ ևս 4 օր: Այս ընթացքում ունենալու եմ 3 շոու, բոլորն էլ` Club 12-ում»,-պատասխանեց Սառան, որն այսօր պատրաստվում է նաև գնալ Ծիծեռնակաբերդ  և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ի  դեպ, պարուհին կրծքին կրում էր նաև այս տարվա խորհրդանիշ անմոռուկը:

Ասուլիսի վերջում Սառան լրագրողներին ցույց տվեց իր պարարվեստից փոքրիկ հատված:

World Armenia World նախագծի նպատակն է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան հրավիրել հայտնի արվեստագետներին ու ծանոթացնել նրանց հայկական մշակույթի հետ, ինչպես նաև՝ հնարավորություն տալ հայ հանդիսատեսին հանդիպելու արվեստագետների հետ: Նախագիծն իրականացնում է Club12 երաժշտական ակումբը:

Սյունե Առաքելյան

 

 



© NEWS.am STYLE