Porsche-ի մեկնաբանությունը՝ Փոլ Ուոքերի դստեր մեղադրանքի մասին

18:17   30 սեպտեմբերի, 2015

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ դերասան Փոլ Ուոքերի 16-ամյա դուստրը՝ Միդոու Ռեյն Ուոքերը, դատի է տվել Porsche-ին։ Աղջիկը պնդում է, որ «Porsche Carrera GT» մեքենան թերություններ է ունեցել (խոսքը մասնավորապես կայունացման համակարգի, դռների ամրացման եւ բենզինի խողովակի մասին է, որոնք ճիշտ հաշվարկված չեն եղել բարձր արագությամբ ընթացքի եւ բռնկման համար), որոնք էլ դարձել են իր հայրիկի ավտովթարի եւ մահվան պատճառը։ Թե ինչ գումար է աղջիկը պահանջում որպես փոխհատուցում, դեռ հայտնի չէ։

Variety-ի փոխանցմամբ՝ Porsche-ն մեկնաբանել է Ուոքերի դստեր մեղադրանքը։

«Ինչպես արդեն նշել էինք՝ մենք իսկապես ցավում ենք, որ ինչ-որ մեկը Porsche մեքենայով հայտնվում է նման իրադրությունում։ Բայց իրավապահ մարմիններն արդեն հաստատել են, որ ավտովթարը ոչ թե բարձր արագության, այլ վտանգավոր վարելու հետեւանք է եղել»,- նշված է հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE