Թուրք երգչուհի Լեման Շտեհն. «Իմ ազգի անցյալի հետ առերեսվելու պահանջ եմ զգում»

13:32   2 հոկտեմբերի, 2015

«Կոմիտաս» փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:

«Հայ ազգը վաղուց իմ սրտում տեղ ունի: Համալսարանում ուսանելու տարիներին ձեռք բերեցի հայազգի ընկերներ, որոնք ինձ ծանոթացրին  հայոց մշակույթին և հայերի հանդեպ սերս ավելի ամրապնդվեց»,- «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում կայացած այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց երգչուհին:

Դասական ժանրի երգչուհին չհամակերպվելով  թուրք հասարակության աշխարհայացքին` բազմիցս լքել է երկիրը:

«Երկար ժամանակ կտրված եմ եղել հայկական երգերից, սակայն երբ կատարվեց եղբորս` Հրանտ Դինքի սպանությունը, տարբեր վայրերում նրա պատվին սկսեցի երգել «Սարի Գելին» երգը, որը Դինքի սիրելի ստեղծագործություններից էր»,-պատմում է Լեհմանը, որը 3 տարի առաջ գալով Հայաստան` ձեռք բերեց մի շարք հայ ընկերներ, որոնցից են դաշնակահարուհի Սիլվա Ֆարմազյանը և «Երգիչների միջազգային ասոցիացիայի» նախագահ Նվարդ Հովակիմյանը, որը և հանդիսանում է երգչուհու պրոդյուսերը:

Ազգությամբ թուրք երգչուհին համոզված է, որ յուրաքանչյուր կորուստ պետք է հիշատակել և յուրաքանչյուր անարդարության դեմ պետք է ապստամբել. «Իրերը պետք է կոչել իրենց անուններով, ուստի ես ոչ միայն Թուրքիայում և ամենուր օգտագործում եմ «ցեղասպանություն» բառը, այլև միշտ մասնակցում եմ այդ վայրագության դեմ ուղղված բոլոր միջոցառումներին: Իմ անցյալի հետ առնչվելու պահանջ եմ զգում»,-ասում է երգչուհին, որը հոկտեմբերի 6-ին «Never Forget» խորագիրն ունեցող համերգային ծրագրով հանդես է գալու «Յանս» ակումբում:

NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց Շտեհնից, թե ինչով է իր համար Հայաստանը տարբերվում Թուրքիայից և Գերմանիայից, ինչին ի պատասխան երգչուհին նշեց. «Այստեղ կան գեղեցկություններ, որոնք մարդկանց տխրեցնում են, բայց և հիշեցնում որոշ բաների մասին: Երբ Մասիսին եմ նայում, շատ եմ տխրում: Կարծում եմ` դա Աստվածատուր սար է, որովհետև Արարատին նայելը մարդուն հիշեցնում է մարդ լինելու մասին: Մարդու մի տեսակ մյուս տեսակին արգելում է իր սարը գնալ և տեսնել, սա է ցավը…»:

 

 

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE