Այստեղ մարդիկ միմյանց հանդեպ շատ ուշադիր են. Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանը` «Աղջիկը լուսնի վրա» ներկայացման մասին

10:53   7 հոկտեմբերի, 2015

ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 6-ին, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացումը:

Բեմադրության խորեոգրաֆը Արինա Արարատյանն է, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր «Փյունիկ» միության անդամ, Հայաստանի հաշմանդամների բասկետբոլի չեմպիոն Գոհար Նավասարդյանը:

Ներկայացումը հաշմանդամություն ունեցող աղջկա մասին է, որը երազում է հայտնվել լուսնի վրա: Նրա այդ երազանքը փորձում է իրականացնել մի սիրահարված երիտասարդ… այնուհետեւ սկսվում է պարային բեմադրությունը:
Տղան իր շուրջն է հավաքում մի շարք այլ երիտասարդների, եւ նրանք միասին փորձում են իրականացնել աղջկա երազանքը:

Բեմադրությունը ներկաների կողմից արժանացավ բուռն ծափահարությունների, իսկ Գոհարը` բազում ծաղիկների:

Ներկայացումը դիտելու էր եկել նաեւ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Ֆրայսը: «Միեւնույն բեմում հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ դերասանների ներկայությունն արտահայտում է ամերիկյան աշխարհայացքը` մեզ համար բոլոր մարդիկ էլ հավասար են: Այս ներկայացումն էլ հենց ասածիս վառ օրինակն է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ֆրայսը` ավելացնելով. «Առհասարակ, կարեւոր է, որ հասարակությունն ուշադիր լինի. ահա, թե ինչն եմ ամենից շատ սիրում Հայաստանում: Այստեղ մարդիկ միմյանց հանդեպ շատ ուշադիր են»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE