Քանյե Ուեսթը բարկացել է սմարթֆոնների համար մանկական խաղեր ստեղծողների վրա

11:04   12 հոկտեմբերի, 2015

Երեկ ինտերնետում հայտնվել է նախագահ Օբամայի ելույթը, որում նա անդրադարձել է՝ Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահ դառնալու մտադրությանը: Քանյեն առայժմ այս թեմայով նախագահին չի պատասխանել, բաց դրա փոխարեն իր «Թվիթերում» անսպասելիորեն բարկացել է սմարթֆոնների համար այնպիսի մանկական խաղեր ստեղծողների վրա, որոնց միջոցով կարելի է գնումներ անել (ըստ երեւույթին նրա որդին՝ Նորթը, սմարթֆոնների խաղերով շատ գնումներ է արել) :

«Թող գրողի ծոցը կորչեն բոլոր այն ընկերությունները, որոնք երեխաների համար այնպիսի խաղեր են ստեղծում, որոնց միջոցով հնարավոր է գնումներ անել»,- գրել է Քանյեն:

Սակայն Time պորտալը, որը երգչի միկրոբլոգից մեջբերել է այդ խոսքերը , նշել է, որ Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, հենց ինքն է նման խաղերից մեկի հեղինակը: Այդ խաղային հավելվածը կոչվում է Kim Kardashian: Hollywood եւ բավականին մեծ գումարներ է վաստակում՝ այդ թվում առաջարկվող գնումների շնորհիվ:

Մեկ տարի առաջ Քիմը հենց ինքն էր դիտողության արժանացել այն կապակցությամբ, որ նրա ստեղծած խաղում երեխաները կարող են գումար ծախսել: Գրող Այելեթ վալդմանը, ում որդին Kim Kardashian: Hollywood խաղում 120 դոլար էր ծախսել, քննադատել էր Քարդաշյանին՝ ասելով, որ նրա խաղը խաբեությամբ գումարներ է կորզում երեխաներից եւ շեշտել, որ երեխաների համար խաղեր ստեղծելիս՝ պետք է ավելի պատասխանատու լինել:



© NEWS.am STYLE