NEWS.am STYLE Exclusive. Հարցազրույց ամերիկյան The Hillywood Show-ի հեղինակներ Հիլլի և Հաննա Հինդի քույրերի հետ

22:14   12 հոկտեմբերի, 2015

Ամերիկյան «The Hillywood Show» կատակերգական ժանրի նախագիծը ստեղծել են Հիլլի և Հաննա Հինդի քույրերը, որոնք նաև նկարահանվում են տվյալ նախագծի հոլովակներում: Այս շոուն ներկայացնում է մեր սիրելի ֆիլմերի և հեռուստասերիալների նմանակումները, որոնք ուղեկցվում են հայտնի երգերով և պարային շարժումներով: Խումբը արդեն հասցրել է կատարել «Հարի Փոթերի», «Մատանիների տիրակալի», «Մթնշաղի» , «Գերբնականի», «Վամպիրի օրագրերի» և մի շարք այլ հեռուստանախագծերի նմանակումները:

NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել տաղանդավոր քույրերի հետ:

-Աղջիկներ,  դուք դերասանական պրոֆեսիոնալ դասընթացների հաճախե՞լ եք:

 

Հիլլի.- Մենք երբեք նման դասընթացների չենք հաճախել, քանի որ բավականաչափ գումար չենք ունեցել: Իսկ պարել սովորել ենք շատ վաղուց, մինչև շոուն ստեղծելը:

-Ներկայացրեք, թե ինչպես ստեղծեցիք «The Hillywood Show»-ն:

Հաննա.-Դեռ շատ վաղ տարիքից մենք տանը նկարահանում էինք նմանակման տեսանյութեր: Չգիտեմ, թե ինչպես ստեղծվեց այս շոուն, բայց մի բան հաստատ է` Աստված մեզ առաջնորդեց…

 

-Իսկ ո՞ր ֆիլմի հիման վրա եք նկարահանել Ձեր առաջին նմանակումը:

Հաննա.- «Մթնշաղ» ֆիլմի նմանակումն էր առաջինը:

-Կհիշե՞ք, թե որ նմանակումն էր ամենադժվարը:

Հիլլի.-«Քայլող մեռյալները» ֆիլմի վրա ենք դժվարությամբ աշխատել: Շատ ժամանակ չունեինք պատրաստվելու համար, բայց վերջում ամեն ինչ իր տեղն ընկավ:

-Կատարել եք «Մթնշաղ», «Հարի Փոթեր» և մի շարք այլ հայտնի ֆիլմերի նմանակումներ. Հետաքրքիր է` տվյալ ֆիլմերի դերասանների կամ, առհասարակ, անձնակազմի կողմից որևէ մեկնաբանություն ստացե՞լ եք:

Հաննա.-Այո, միայն հաճոյախոսություններ ու գեղեցիկ խոսքեր ենք լսել: Ռեժիսորները, պրոդյուսերները, BBC Ամերիկան, Դևիդ Թենանթը, Լեդի Գագան, «Գերբնականը» հեռուստասերիալի անձնակազմը, MTV-ն, Ռայան Սիքրեսթը…  բոլորը գոհ էին: 

-Լավ, եկեք խոսենք ձեր ամենաթարմ նմանակումից, որը «Գերբնականը» հեռուստասերիալի հիման վրա է: Նույնիսկ կարողացել եք գլխավոր դերակատարներին նկարահանել հոլովակում…

 

Հիլլի.-Մեզ համար դա լավագույն նվերն էր: Հրաշալի ապրուներ էին, և մենք շատ շնորհակալ ենք այդ ֆիլմի ամբողջ անձնակազմին` նախագծին մասնակցելու համար:

-Ձեր նախագծի հետ կապված ի՞նչ հետագա ծրագրեր ունեք:

Հիլլի.-Ցանկանում ենք, որ «The Hillywood Show»-ն ինտերնետային տիրույթից անցնի հեռուստատեսային դաշտ, հեռարձակվի շաբաթը մեկ անգամ և կանոնավոր կերպով ներկայացնի բոլորի կողմից սիրված ֆիլմերի նմանակումները:

-Արդեն պարզ է՞, թե որ ֆիլմի նմանակման վրա եք հաջորդիվ աշխատելու:

Հաննա.-Հուսով ենք` շուտով նոր նմանակում կունենանք: Բայց դեռ մեր նոր կայքէջում պետք է բավականաչափ գումար հավաքենք: Ի դեպ, երկրպագուները ևս մեզ  կարող են օգնել: Մեր հասցեն է` :  www.Patreon.com/Hillywood

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE