Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ում կներկայացնի Իվետա Մուկուչյանը

19:53   13 հոկտեմբերի, 2015

Այսօր Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Մասնագիտությամբ լրագրող» հաղորդման ժամանակ հայտարարվել է «Եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը:

Եւ այսպես, հաջորդ տարի «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլոուն, ում շնորհիվ էլ այն հաջորդ տարի կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ի դեպ, սա եվրատեսիլյան պատմության մեջ երկրորդ անգամը կլինի, երբ մրցույթը կանցկացվի «Գլոբ» արենայում:

«Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 14-ին:

Ի դեպ, «Եվրատեսիլ» երգի մրցույթում կանոնների փոփոխություններ են եղել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա) եւ մրցույթը հյուրընկալող Շվեդիայի ներկայացուցիչները, իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, սակայն ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

 



© NEWS.am STYLE