Դոլչեն ու Գաբանան Գալյանոյին հաջողություն են մաղթել

16:23   25 հունվարի, 2013

Հանրահայտ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Սթեֆանո Գաբանան բարոյապես աջակցում են իրենց խայտառակված գործընկերոջը։ Ըստ Buro247-ի, վերջերս նրանք իրենց Swide օնլայն ամսագրում գրել են. «Մենք Ջոնին մաղթում ենք մեծ հաջողություն աշխատանքի վերադառնալու հարցում։ Միշտ էլ նրա տաղանդի երկրպագուն ենք եղել։ Վերջին երկու տարում նա ստվերի մեջ է եղել, եւ մենք չենք կարող նրա՝ Oscar de la Renta-ի հետ համատեղ հավաքածուի կողքով անցնել»։

NEWS.am STYLE-ն ավելի վաղ հաղորդել էր, որ հակասեմիտական աղմուկի պատճառով աշխատանքն ու տարբերանշանները կորցրած դիզայներին օրերս օգնության ձեռք էր մեկնել նրա գործընկեր Օսկար դե լա Ռենտան՝ հրավիրելով նրան Oscar de la Renta-ի նյույորքյան ստուդիա։ Այժմ Գալյանոն նրան օգնում է պատրաստվել Նյու Յորքում Նորաձեության մոտակա շաբաթվան։ Այնպես որ, հավանաբար Գալյանոյի վերադարձը նորաձեության աշխարհ սարերի հետեւում չէ։



© NEWS.am STYLE