«Սպիտակ վագրը» 2012 – ի լավագույն ֆիլմն է (տեսանյութ)

01:20   26 հունվարի, 2013

Հայրենական Մեծ պատերազմի մասին Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» աղմուկ հանած ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակին որպես 2012 թվականի լավագույն ֆիլմ։

Դրանից բացի, ֆիլմը եւս մի քանի մրցանակ է ստացել՝ հաղթելով լավագույն երաժշտություն, ձայնային ռեժիսուրա եւ մոնտաժ անվանակարգերում։ Գլխավոր մրցանակը հանձնել է կինոօպերատոր Վադիմ Յուսովը, ով «Ոսկե արծիվ» է ստացել համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Շահնազարովը, ստանալով արձանիկը, պատմեց, թե ինչպես մի անգամ իր ծնողները մոսկովյան միջազգային կինոփառատոնին տեսել են ռեժիսոր Սթենլի Քրամերին ու խնդրել են նրան իրենց որդուն ինչ-որ բան մաղթել. «Նա մի բառ է գրել՝ «համբերություն»։ Այն ժամանակ դա ինձ մտահոգեց։ Սակայն ապրելով ռեժիսուրայի մեջ, կինոյում 30 տարի, ես հասկացա, թե որքան ճիշտ էր Սթենլի Քրամերը»։ 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Երեւանում Շահնազարովն ասել էր. «Սա իմ կենսագրության մեջ առաջին ռազմական ֆիլմն էր։ Ինձ դուր եկավ երիտասարդ հեղինակ Իլյա Բոլշովի գրած պատմությունը։ Այն ինձ ոգեւորեց»։ Նա նաեւ ավելացրել էր, որ այդ ֆիլմը նկարահանելու նրա որոշման վրա ազդած երկրորդ պահն այն էր, որ իր հայրը նույնպես ճակատային է եղել։ «Իսկ հետո հասկացա, որ մի քանի տարի անց ես պարզապես բավարար ֆիզիկական ուժ չեմ ունենա նման ֆիլմ նկարահանելու համար», - ասել էր ռեժիսորը։



© NEWS.am STYLE