Քոնան Օ’Բրայեն. Հայերը հրաշալի ժողովուրդ են

10:02   21 հոկտեմբերի, 2015

Շատ շուտով ՝ նոյեմբերին, TBS ամերիկյան ալիքի եթերում կցուցադրվի «Conan» հեռուստաշոուի հերթական դրվագը, որը նվիրված կլինի շոուի հաղորդավար Քոնան Օ’Բրայենի հայաստանյան արկածներին: 

Իսկ երեկ եթերում ցուցադրվել է մի փոքրիկ թիզեր, որտեղ Քոնանը պատմում էր Հայաստան կատարած այցելությունից իր ստացած տպավորությունների մասին:

«Տասնվեց ժամ թռիչք ՝ մինչեւ Հյուսիսային բեւեռ, այնտեղից Դուբայ, իսկ այնտեղից էլ Իրանով դեպի Հայաստանի մայրաքաղաք ՝ Երեւան: Ես Հայաստան էի տարել իմ օգնականին ՝ Սոնային, նա հայուհի է, ու ես պետք է «վերբեռնեի» նրա կյանքի սկզբունքներն ու արժեքները»,- սկսել է կատակել Քոնանը:

-Մի՞թե նրա հայրենիքը Գլենդելը չէ,-իր հերթին կատակել է Քոնանի օգնականը,- այն այստեղից հինգ րոպեի հեռավորության վրա է:

- Ինձ ոչ ոք չի ասել, որ նա Գլենդելից է,- ի պատասխան կատակել է Քոնանը,- թե չէ ես այդքան երկարատեւ ուղեւորություն չէին նախաձեռնի: Ամեն դեպքում դա հրաշալի ճամփորդություն էր, մենք մի քանի օր նկարահանել ենք, իսկապես շատ ծիծաղելի պահեր կային , շոուն եթերում կցուցադրվի մոտավորապես նոյեմբերի կեսերին: Հրաշալի շոու է լինելու, հայերը հրաշալի ժողովուրդ են: Ինձ համար շատ տպավորիչ ուղեւորություն էր:



© NEWS.am STYLE