Մոգական Զվարթնոց. NEWS.am STYLE-ի լրագրողները՝ ազգային տարազով

12:04   28 հոկտեմբերի, 2015

NEWS.am STYLE-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում մեր լրագրողները ներկայանալու են հայկական ավանդական տարազներով` Հայաստանի տարբեր պատմամշակութային կոթողներում։

Առաջին ֆոտոշարքն իրականացվել է վաղմիջնադարյան Զվարթնոցի տաճարում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընգրկված տաճարն իր ժամանակի ամենաբարձր կառույցներից էր (45-49 մ) եւ նախագծվել էր այդ ժամանակշրջանին ոչ բնորոշ` բացարձակապես նոր ճարտարապետական ոճով. գմբեթը հենված էր մեկ ամբողջական շրջան կազմող անկյունների ու խորանների վրա։

«Մոգական Զվարթնոց» խորագրով այս ֆոտոշարքում NEWS.am STYLE-ի լրագրողներ Մելինե Տոնոյանն ու Սյունե Առաքելյանը ներկայանում են Տերյան մշակութային կենտրոնի պատրաստած տարազներով։ Հայկական ավանդական տարազի մշակույթը վերականգնելու նպատակով կենտրոնը դրանց ամենավառ էլեմենտները համադրում է ժամանակակից ձեւվածքի եւ թրենդային գույների հետ։

Սյունեն կրում է Վասպուրականի տարազին բնորոշ մուգ շագանակագույն պարզ զգեստ` էթնիկ դետալով. կրծքի հատվածում Վանա հայտնի խաչկարով արված ասեղնագործություն է, գլխին՝ Արցախի ավանդական դրամաշարով կարմիր գլխազարդ, եւ քող, որն ամուսնացած կանանց տարազի պարտադիր տարր է եղել։

Մելինեի մանուշակագույն զգեստը ունի հայկական տարազին բնորոշ թեւքեր` երիզված ավանդական մետաղե դետալներով։ Կրծքի հատվածի զարդանախշը եւ գլխազարդը նկարված են ձեռքով` Ուրֆայի հայկական ասեղնագործության հայտնի ծաղկային մոտիվներով։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE