Մենք այսօր կանգնած ենք ինքնության կորստի վտանգի առջեւ. Արմեն Մարտիրոսյան

14:15   29 հոկտեմբերի, 2015

Համացանցում ցածրորակ երաժշտությունն այսօր տարածվում է որպես մեր ազգային ինքնություն, ինչն անթույլատրելի է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է կոմպոզիտոր, երաժիշտ Արմեն Մարտիրոսյանը։

«Մեզ չի կարող չհուզել այն հարցը, թե ինչպես ենք մենք այսօր ներկայանում աշխարհին համացանցում տարածված երաժշտության միջոցով, որն անվանվում է, իբրեւ հայկական»,-նշել է Արմեն Մարտիրոսյանը։

Կոմպոզիտորի խոսքով, այն պատկերը, որը վերջին տասնամյակի ընթացքում ստեղծվել է համացանցում, արտացոլում է նոր սերնդի ժամանակավոր ճաշակը։ «Մենք դա չենք կարող անվանել ազգի մշակույթ, ինչպես չենք կարող ազգային մշակույթ համարել որեւէ բրենդի նոր շապիկ կամ ակնոց»,-համոզված է կոմպոզիտորը։

Արմեն Մարտիրոսյանը ցավով նշել է, որ այսօր մենք կանգնած ենք ինքնության կորստի վտանգի առջեւ։ «Դրա դեմ պայքարելու համար երկու տարի առաջ սկիզբ առավ «Հայկական երաժշտական գանձարան» նախագիծը, որի երաժշտական պրոդյուսերը ես եմ»,-ընդգծել է Մարտիրոսյանը։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE