Exclusive NEWS.am STYLE. ինչպես Սոֆի Դեւոյանը Քոնան Օ’ Բրայենին քոչարի պարել սովորեցրեց

11:01   31 հոկտեմբերի, 2015

Համաշխարհային ճանաչում ունեցող երգիծաբան, շոումեն Քոնան Օ’ Բրայենի այցը Հայաստան իսկական իրադարձություն էր ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ նրա այլազգի երկրապագուների համար:

Վերջերս շոումենը հրապարակեց Հայաստան այցի անոնսը, որի ամբողջական տարբերակը եթեր է հեռարձակվելու նոյեմբերի 17-ին: NEWS.am STYLE-ը նկատել է, որ Գառնիում Քոնանին հայկական պար է սովորեցնում Սոֆի Դեւոյանը: Մանրամասները ճշտելու նպատակով մենք կապվեցինք վերջինիս հետ, ով հաստատեց լուրը եւ պատմեց, թե ինչպես Քոնան Օ’ Բրայենը քոչարի պարել սովորեց:

«Ինձ ասացին, որ նա ցանկություն ունի ինձ հետ ծանոթանալու եւ ուզում է, որ մենք իրեն քոչարի սովորեցնենք: Համաձայնեցի, եւ մենք գնացինք Գառնի: Ինքն ասաց՝ «պիտի սովորեմ, պիտի ցույց տամ աշխարհին», եւ մենք սկսեցինք սովորեցնել: Տեղում տեսախցիկները միացրեցին, սկսեցին նկարել: Նա ցանկություն հայտնեց, որ իմ թատրոնի երեխաներն անպայման Գառնիում պարեն, որից հետո նա միացավ մեզ»,-ասաց Սոֆի Դեւոյանը:

Մեր հարցին՝ արդյոք հումորիստը հեշտությամբ սովորեց հայկական պարի տարրերը, Դեւոյանը պատասխանեց.

«Կարողանում էր, իր ոճի մեջ պարում էր: Հետո ընթացքում սկսեց կատակներ անել, որը կապ չուներ պարի հետ, բայց մենք հասկացանք, որ իր շոուի համար էր: Գիտեք, կարեւորը այդքան իդեալական կատարումը չէր, այլ այն, որ նա ուզում էր հասկանալ, ներկայացնել հայկական արվեստը աշխարհին: Մեծ սիրով է պարել ու նկարել»:

Տիկին Դեւոյանից հետաքրքվեցինք նաեւ, թե, ըստ նրա, ինչ տպավորություններ ուներ Քոնան Օ’ Բրայենն այդ օրվանից:

«Նա հիացած էր, ուղղակի հիացած: Ամեն ինչն իրեն զարմացրեց՝  թե’ բնությունը, թե’ Գառնիի տաճարը, թե’ մեր վերաբերմունքը: Ասաց՝ «ես այնքան ջերմություն ստացա»: Շատ գոհ էր, շատ »,-եզրափակեց նա:

Զրուցեց Շուշան Շատիկյանը

Shat apreq Conan O'Brien Presents: Team Coco !! Thanks for coming (:

Posted by David Rodríguez Yerevan on Thursday, October 15, 2015


© NEWS.am STYLE