Ադելն իր նոր հիթով մի քանի ռեկորդ է սահմանել բրիտանական հիթ շքերթներում

13:07   31 հոկտեմբերի, 2015

Անցած շաբաթ Ադելը թողարկել է իր նոր Hello սինգլը, որը միանգամից գրոհել է համաշխարհային հիթ շքերթները: Այս պահին ավելի քան 162 միլիոն մարդ արդեն լսել է Ադելի նոր երգը:

Hello –ն բրիտանուհու երկրորդ սինգլն է, որը նվաճում է հիթ շքերթի առաջին տեղը: Մինչ այդ նույն արդյունքն էր ապահովել նաեւ Ադելի Someone Like You երգը:

Hello երգը 7.32 միլիոն ռեկորդային լսումներ է գրանցել սթրիմինգային սերվիսներում՝ գրեթե կիկնակի գերազանցելով Ջասթին Բիբերի ռեկորդը (3.87 միլիոն լսում մեկ շաբաթում ):

Hello-ն նաեւ դարձել է առաջին շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված՝ 2015թ թողարկված երգը՝ գերազանցելով Էլի Հոուլդինգին՝ Love Me Like You Do երգով:

Ընդհանուր առմամբ Hello –ն 333 հազար միավոր է հավաքել, առաջին շաբաթում դառնալով վերջին երեք տարվա ամենաշատ վաճառված սինգլը ( վերջին անգամ՝ 2012 թ դեկտեմբերին, այդքան մեծ հաջողությամբ վաճառվել էր Ջեյմս Արթուրի Impossible սինգլը՝ 490 հազար կրկնօրինակով) .

«Hello սինգլի այս շաբաթվա հաջողությունն ապացուցում է Ադելի յուրօրինակությունը՝ նա այն երգչուհիներին է, որոնց լսում են եւ փոքրիկ երեխաները, եւ դեռահասները, եւ մայրերն ու հայրերը, եւ հորեղբայրներն ու մորաքույրերը, եւ տատիկներն ու պապիկները: Նա իսկապես երգչուհի է բոլոր սերունդների համար»,- ասել է The Official Charts Company ընկերության գործադիր տնօրեն Մարտին Թալբոթը:

 

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE