Տաղանդներ ենք փնտրում. Մարմնամարզուհի Անետա Հակոբջանյանը` իր ստեղծած զարդերի, հագուստի և տաղանդի այլ դրսևորումների մասին

14:38   1 նոյեմբերի, 2015

Գեղարվեստական մարմնամարզուհի Անետա Հակոբջանյանը արվեստին մոտ է եղել փոքր տարիքից:

«Դեռևս 90-ականներին, որոնք դժվար տարիներ էին բոլորիս համար, ես կարողանում էի հին զգեստները փոխակերպել և հագնել. Այսինքն`  ամեն ինչ սկսվեց կարուձևից»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անետան, որը 6 տարի առաջ որոշեց  էլ ավելի կատարելագործել իր շնորհքը և սկսեց հաճախել կարուձևի պրոֆեսիոնալ դասընթացների, որտեղ նաև հմտացավ  զարդեր պատրաստելու մեջ:

«Սկզբնական շրջանում ուղղակի կողքից հետևում էի այդ բաժնում սովորող ուսանողներին, hետո սկսեցի ինքնուրույն փորձարկումներ կատարել տանը: Գնեցի համապատասխան պարագաները ու սկսեցի զոռ տալ երևակայությանս»,-ասում է շնորհաշատ մարմնամարղզուհին, որը զարդերը ստեղծելիս ոչ միայն հետևում է նորաձևության թրենդներին, այլև մշտապես կատարում է փորձարկումներ` առաջնորդվելով սեփական երևակայությամբ:

Անետան դժվարացավ առանձնացնել իր աշխատանքերից որևիցե մեկը, սակայն նշեց որ ամենից շատ սիրում է սև ագաթից պատրաստած զարդերը. «Կարծում եմ` այդ քարը դասականի ու էլեգանտության մարմնավորում է, իսկ այս չափանիշները նորաձև ու արդիական են բոլոր ժամանակներում»,-համոզված է Անետան:

Մարմնամարզուհին չի սահմանափակվում միայն հագուստ և զարդեր ստեղծելով, նա նաև զբաղվում է տան ինտերիերի ձևավորմամբ և դիզայնի այլ պարագաների ստեղծմամբ:

 «Նկարչություն, հագուստի մոդելավորում, հարսանյաց պարագաների ստեղծում… Կարծում եմ` ցուցակը շարունակական կլինի: Սիրում եմ, նույնիսկ, ոչ այնքան հարմար նյութերից փորձել գեղեցիկ իրեր ստանալ»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Անետան:

Խոսելով հետագա ծրագրերի մասին` Անետան նշեց. «Երբ սկսեցի զբաղվել այս ամենով,  ուզում էի ունենալ այնպիսի զարդեր, որոնք կլինեին իմ գաղափարների ու պատկերացումների արտացոլումը: Հետագայում էլ` ուզում եմ իրականություն դարձնել նաև այլ կանանց պատկերացումները զարդերի մասին»:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE