Իմ կյանքը ճանապարհ է, եւ ես շարունակում եմ քայլել դրա երկայնքով. Մեթյու ՄաքՔոնահին դարձավ 46 տարեկան

13:03   4 նոյեմբերի, 2015

Ամերիկացի դերասանը հայտնի է «Սուպեր Մայք», «Սահարա», «Ինչպես 10 օրում ազատվել տղամարդուց», «Իմ նախկին ընկերուհիների հոգիները» և մի շարք այլ  ֆիլմերից: 2014 թ-ից Մեթյու ՄաքՔոնահին նկարահանվում է հայտնի և սիրված  «Իսկական խուզարկուն» հեռուստասերալում:

Ո՞վ կմտածեր, որ մանկուց իրավաբան դառնալ երազող տղան կդառնար Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: ՄաքՔոնահիին, իհարկե, չհաջողվեց ձեռք բերել իր երազանքների մասնագիտությունը, սակայն նա կարողացավ մարմնավորել իր համար այդքան ցանկալի կերպարը  «Ժամանակն է սպանել» և «Լինքոլնի իրավաբանը» ֆիլմերում:

Առհասարակ, դերասանը կարծում է, որ մեծ ցանկության դեպքում բոլորն էլ կարող են հասնել հաջողության. «Ցանկանո՞ւմ ես դառնալ գրող: Սկսի՛ր գրել: Ցանկանո՞ւմ ես դառնալ ռեժիսոր: Վերցրո՛ւ հեռախոսդ և սկսիր տեսանկարել քեզ հետաքրքրող ամեն ինչ»,-ասում է դերասանը: 

Երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում, թե «Տիտանիկ» ֆիլմում Ջեք Դոսոնի դերը մինչև Լեոնարդո ԴիԿապրիոյին «հասնելը» սկզբում առաջարկվել էր Մեթյու ՄաքՔոնահիին: Դերասանը Լարի Քինգի հետ հարցազրույցի ժամանակ ասել է. «Այն խոսակցությունները, թե իբր ինձ առաջարկել են ԴիԿապրիոյի փոխարեն նկարահանվել «Տիտանիկ» ֆիլմում, սուտ են: Դա ընդամենը բամասանք է»:

2006 թ-ին ՄաքՔոնահին հանդիպեց բրազիլացի մոդել և հեռուստաաստղ Կամիլա Ալվեսին: Այդ հանդիպումը ճակատագրական եղավ դերասանի կյանքում:

Մի քանի տարվա մտերմիկ հարաբերություններից հետո զույգը նշանադրվեց 2011 թ-ին, իսկ 2012 թ-ին դերասանն ու մոդելն ամուսնացան: Միասին նրանք ունեն երեք երեխա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE