20:43 5 նոյեմբերի, 2015Մի քանի տարի է, ինչ մեծ մասսայականություն են վայելում արտասահմանյան հեռուստաշոուները, որոնք բավականին սիրված են նաև Հայաստանում: NEWS.am STYLE-ը, պարբերաբար, անդրադարձ է կատարում դրանց:
Կարծում ենք` պետք չէ նաև անտեսել վերջին շրջանում հեռարձակվող հայկական հումորային հեռուստասերիալները, որոնք հումորի և դերասանական կազմի շնորհիվ պակաս սիրված չեն հայերի կողմից: Ընդառաջելով մեր ընթերցողների նախասիրություններին` այսուհետ մենք հաճախակի կներկայացնենք նաև սիրված հայկական հումորային հեռուստաշոուները:
Այդպիսին է, օրինակ, վերջերս եթերում հայտնված «ԴոմիՆո» սիթքոմը, որը պատմում է երեք ընկերոջ` Նորիկի (Նարեկ Բավեյան), Գարիկի (Մհեր Խաչատրյան) և Միկայի (Սոս Ջանիբեկյան) մասին:
Պատմությունը ներկայացնում է Միկան` նշելով, որ թեև իրենք երեքն էլ աշխատում են տարբեր վայրերում, ունեն մեկ ընդհանուր խնդիր` տանել չեն կարողանում իրենց անմիջական ղեկավարներին:

Նորիկն աշխատում է ֆիթնես կենտրոնում` որպես մարզիչ: Նրա գայթակղիչ ղեկավարուհին անընդհատ փորձում է գրավել Նորիկի սիրտը, սակայն վերջինս անկոտրուն է և հավատարիմ իր սիրելիին` Լիլիթին (Լիկա Սալմանյան):

Գարիկն աշխատում է մերսման սրահում: Նա լուրջ խնդիրներ ունի իր ղեկավարի կնոջ` Մարգոյի հետ, որն անդադար նվաստացնում է ընկերների կողմից «դոկտոր» մականունը ստացած Գարիկին:
Միկան աշխատում է ռեստորանում` որպես խոհարար: Նրա ղեկավար Ալիկը ոչ թե վատն է, այլ շա~տ վատը: Նա չափազանց բռի և կոպիտ է իր աշխտակիցների հանդեպ:

Հասկանալով, որ այլևս չեն կարող հանդուրժել իրենց ղեկավարների անտանելի վերաբերմունքը` տղաները որոշում են միանալ, վարկ վերցնել և սեփական բիզնես հիմնել: Նրանց երաշխավոր դառնում է գեղեցկուհի Անին (Աննա Գրիգորյան), որը ղեկավարում է այն փաբը, որտեղ պարբերաբար իրենց ժամանցն անցկացնում են տղաները:

Վերցնելով վարկը` Նորիկը, Գարիկը և Միկան, մեղմ ասած, անբարեհամբույր ձևով են հրաժեշտ տալիս իրենց ղեկավարներին և դուրս են գալիս աշխատանքից:
Ամեն ինչ կարող էր շատ լավ ավարտ ունենալ, եթե չլիներ Միկայի խաղամոլությունը: Նա ամբողջ գումարը ներդնում է Բարսելոնա-Դեպորտիվո խաղի վրա` Բարսելոնայի օգտին:

Խաղն ավարտվում է ոչ-ոքի, իսկ տղաները… ստիպված են լինում ներողություն խնդրել իրենց ղեկավարներից և վերադառնալ նախկին աշխատավայրեր, որպեսզի կարողանան մարել վարկը…
Հետևեք NEWS.am STYLE-ին, որպեսզի միասին հետևենք «ԴոմիՆո» հեռուստասերիալին և այնտեղ կատարվող ամենահետաքրքիր միջադեպերին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` «ԴոմիՆո»-ի պաշտոնական էջից