Կինո-ուրբաթ՝ ի՞նչ դիտել այսօր երեկոյան

13:08   6 նոյեմբերի, 2015

Այսօր կինո-ուրբաթի գլխավոր իրադարձությունն անկասկած նշանավոր Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի շարունակության՝ «Սպեկտրի» պրեմիերան է: Դենիել Քրեյգը վերջին անգամ է նկարահանվել  այս հանրահայտ լրտեսական սագայում՝ համենայն դեպս լուրեր են պտտվում, որ Բոնդի մասին հաջորդ ֆիլմում մեկ այլ դերասան է խաղալու: Այս ֆիլմում Բոնդը գործ է ունենալու «Սպեկտ» անվանումով խորհրդավոր կազմակերպության հետ, որը հաստատ ինչ-որ դավադրություն է ծրագրում: 

Մինչ մեծանուն լրտեսը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում՝ նրա ղեկավար «Մ»-ը փորձում է գաղտնի հետախուզական ծառայությունը փրկել լիկվիդացումից: Ֆիլմը բավականին հագեցած է գործողություններով, որը հանդիսատեսը կզգա ֆիլմի առաջին րոպեներից մինչեւ վերջին վայրկյանը: Չմոռանանք նաեւ Լեի Սեյդուի ու փայլուն Մոնիկա Բելուչիի մասին՝ 007 գործակալի «կանանց» դերում: 

Կինոսերներին պակաս հետաքրքիր չի թվա նաեւ «Սեւ պատարագ» ֆիլմը՝ Ջոնի դեպի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որը ներկայացնում է նախորդ դարի 80 ականներին ԱՄՆ-ում հայտնի գանգստեր Ուայթի Բուլջերի մասին: Վերջինս 16 տարի փախուստի մեջ է եղել ու ձերբակալվել է 2011 թ. հունիսին Սանտա Մոնիկայում: Բուլջերը, որն արդեն 80-ն անց է, մեղադրվում էր դրամաշորթության մեջ, նա առնչություն է ունեցել 19 սպանությունների եւ միեւնույն ժամանակ ՀԴԲ-ի գործակալ է աշխատել: 90-ականների կեսերին նրան հաջողվել է փախչել իրավապահներից ու 16 տարի շարունակ բարեհաջող խուսափում էր պատասխանատվությունից: Ջոնի Դեփին ֆիլմում ընկերակցում է Ջոել Էդգերթոնը ու Բենեդիկտ Քամբերբեթչը...

Յուլյա Վարդանյան 



© NEWS.am STYLE