Հոլիվուդի ոճային սրտակերները

21:48   9 նոյեմբերի, 2015

Ճիշտ է` նորաձեւության աշխարհի ամբողջ ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է կանանց ոճի վրա, բայց ո՞վ է ասել, թե տղամարդիկ չեն սիրում լինել նորաձեւ կամ ոճային: Այլապես, ո՞ւմ համար են ստեղծված դասական կոստյումը, փողկապն ու մարմինը կիպ ընդգրկող ժակետները:

Տղամարդկանց նորաձեւությունը ցայտուն կերպով ներկայացնում են աշխարհահռչակ հոլիվուդյան աստղերը:

Այս անգամ NEWS.am STYLE-ը «խուզարկել է» Հոլիվուդի ամենահայտնի տղամարդկանց զգեստապահարանները եւ առանձնացրել նրանցից տասը ամենաոճայիններին:

Ուիլ Սմիթ 

Եթե նախկինում Ուիլը սիրում էր կրել պատռված ջինսեր եւ հասարակ շապիկներ, ապա այսօր նա հայտնի է իր դասական ոճով: Ցանկացած կոստյում փայլում է հմայիչ դերասանի հագին: 

Բրեդ Փիթ 

Բրեդ Փիթը ցանկացած կերպարում էլ համարվում է ոճի խորհրդանիշ: Դերասանն իր կոկիկությամբ փայլում է ամեն տեղ` լինի դա պաշտոնական հանդիպում, կարմիր գորգի միջոցառում, թե երեխաների հետ ամենօրյա զբոսանք: 

Ջոննի Դեփ 

Նա հայտնի է իր էքստրավագանտ հերոսներով` մկրատաձեռք Էդվարդ, Ուիլլի Վոնկա, Ջեք Ճնճղուկ… բայց նունիսկ այս հերոսների ետևում Դեփը չի կորցնում իր հմայքն ու նուրբ ճաշակը: Նա երբեք չի անցնում անթույլատրելիության սահմանը,  իսկ միջոցառումներին միշտ շքեղ տեսք ունի` թե՛ դասական կոստյումով, թե՛ իր ոճի խորհդանիշ դարձած գլխարկով, թե՛ ակնոցով  եւ թե՛շարֆով:

Ջորջ Քլունի

Այն, որ Ջորջ Քլունին հմայիչ է եւ ճաշակով, հայտնի է բոլորին, սակայն Ջորջիո Արմանին, բացի այդ ամենը, Քլունիին համարում է նաեւ «կոստյումը ցուցադրելու ֆանտաստիկ վարպետ»: Համաձայնեք, որ Քլունիի կերպարում, առհասարակ, ամեն ինչն է ֆանտաստիկ:

Դենիել Քրեյգ

007 գործակալը միշտ էլ ունեցել է դասական ոճ, սակայն Քրեյգը սիրում է իր կողմից որոշակի ոճային լուծումներ տալ իր ցանկացած հագուստին: Անգամ եթե նրա հագին հասարակ շարֆ է կամ ծիծաղելի կոշիկներ, նա այդ ամենը կարողանում է մատուցել ճաշակով: 

Սթինգ

Երգիչ Սթինգը նախընտրում է կրել Versace կամ Tom Ford: Այնուամենայնիվ, շատերը նրան ցանկալի են համարում ոչ միայն իր դասական կերպարի, այլեւ իր կնոջն անմնացորդ սիրելու շնորհիվ: 

Ջասթին Թիմբերլեյք 

Այս երգիչն ասպարեզում հայտնվեց շատ երիտասարդ տարիքում: Իսկ ի՞նչ են կրում դեռահաս տղաները` լայն ջինսեր, կեպիներ եւ ոճային արեւային ակնոցներ: Սակայն այսօր Ջասթինը համալրել է դասական հագնվող աստղերի շարքը: 

Թոմ Քրուզ 

Թոմ Քրուզի էկրանային եւ առօրյա ոճերն ունեն, բավականին, շատ նմանություն: Նրան կարելի է տեսնել թե՛ սպորտային եւ թե՛ դասական ոճերում: Երկու դեպքում էլ դերասանը շքեղ տեսք ունի: Ահա, թե ումից է Սուրի Քրուզը ժառանգել իր ոճի զգացումը: 

Բրեդլի Քուփեր 

Միշտ կոկիկ տեսք ունեցող Բրեդլի Քուփերը կոստյումների սիրահար է: Ճաշակով կոստյումներին գումարվում է նրա դասական սանրվածքը եւ պարզ է դառնում, թե ինչու է նա գլխավորում People ամսագրի «Ամենասեքսուալ տղամարդկանց» ցուցակը:

Ջուդ Լոու

Նա հագնվում է այնպես, որ միշտ հմայի դիմացինին: Իր դասական ոճով Ջուդ Լոուն, իսկական, անգլիացու է հիշեցնում:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE