«Մանկական Եվրատեսիլ 2015». Միկան բացահայտեց շոուի «գաղտնիքները»

15:16   12 նոյեմբերի, 2015

«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ելույթի վերաբերյալ նախնական կանխատեսումները բավականին դրական են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

«Այս տարի մրցույթին կմասնակցեն 17 երկրներից ժամանած պատվիրակություններ, ինչը վկայում է այն մասին, որ, հակառակ տարածված թյուր կարծիքների, մրցույթի վարկանիշը բարձրացել է»,-ասաց Գոհարը։

«Մանկական Եվրատեսիլին» դրական է տրամադրված նաեւ մեր պատվիրակը՝ 12-ամյա Միկան, որը մրցույթին կներկայանա Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգով։

«Տպավորություններս շատ դրական են։ Այս տարի, վերջապես, երազանքս կատարվեց»,-նշեց մեր մասնակիցը, որը շոուին ներկայանալու է գունեղ եւ պարային բեմադրությամբ։

Խոսելով բեմադրության մանրամասներից՝ պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց. «Կարող եմ միայն ասել, որ բեմում բացի Միկայից կլինեն նաեւ երեք աղջիկներ։ Ինչ վերաբերում է Միկայի հագուստին՝ հեղինակը Արամ Նիկոլյանն է, որը նաեւ աշխատել է Միկայի տեսահոլկովակի կերպարի շուրջ»։

NEWS.am STYLE-ի հարցին, թե ինչ հորիզոնական է սպասում մրցույթից, Միկան պատասխանեց. «Ինձ համար ամենակարեւորը լավ ելույթ ունենալն է, իսկ հորիզոնականը մրցույթի օրը կտեսնենք»։

«Մանկական Եվրատեսիլ 2015»-ը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանի միավորները հայտարարելու է նախորդ տարվա մեր մասնակիցը՝ Բեթթին, որը եւս մեր պատվիրակության հետ մեկնելու է Սոֆիա։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE