Հպարտանում եմ իմ շոուի հայաստանյան այցի սերիայով. Քոնան Օ’Բրայեն

17:36   14 նոյեմբերի, 2015

Համաշխարհային ճանաչում ունեցող շոումեն Քոնան Օ’Բրայենի այցը Հայաստան նշանավոր իրադարձություն էր ոչ միայն մեզ՝ հայերիս, այլեւ հենց իր՝  հայտնի երգիծաբանի համար։

Asbarez.com-ը ներկայացրել է Օ’Բրայենի հարցազրույցը հայաստանյան այցի մասին։ Բրայենը նշել է, թե որքան էական նշանակություն է ունեցել իր համար այս այցելությունը.

«Արդեն 22 տարի հեռուստածրագրեր եմ պատրաստում, բայց այս սերիայով ես հպաարտանում եմ»։

Քոնանը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է դեռեւս վեց տարի առաջ, երբ նա որպես իր օգնական ընտրեց Սոնա Մովսեսյանին։ Սոնան մշտապես պատմել է Հայաստանի մասին, նշել, որ սովորել է ԱՄՆ-ում գտնվող հայկական Մեսրոպյան դպրոցում, որտեղ ուսումնասիրել է հայկական մշակույթն ու պատմությունը։ Սոնան անընդհատ կրկնել է, որ երբեք չի եղել Հայաստանում եւ պատրաստվում է մեկնել այնտեղ։ Այսպիսով, Քոնանը որոշել է ուղեկցել Սոնային։ Ի դեպ, Հայաստան գալուց առաջ Քոնանը հանդիպել է Սոնայի ընտանիքին։ Սոնայի տատիկը Քոնանին ասել է, որ հայ տղա բերի իր հետ, որպեսզի թոռնուհուն հայի հետ ամուսնացնի։

Հարցազրույցի ընթացքում Քոնանը պատմել է, որ հատկապես տպավորված էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր  կատարած իր այցելությունից. «Դա իմ շոուի ամենահզոր հատված է։ Իսկ Արարատ լեռն, ասես, նկար լինի»։

Ինչպես գիտեք, Քոնանը նաեւ այցելել է Գառնիի տաճար, որտեղ հայկական ազգային պարեր է սովորել։ Այս հարցում նրան օգնել է Սոֆի Դեւոյանը։

Քոնանը նշել է, որ հայերեն մի քանի բառ է սովորել եւ մեծապես զարմացել է, որ այստեղ երիտասարդները վարժ խոսում են անգլերեն։

Վերջում հայտնի շոումենն ավելացրել է, որ նա անպայման վերադառնալու է Հայաստան, քանի որ 5 օրը բավականին քիչ է Հայաստանը տեսնելու համար։

 

 



© NEWS.am STYLE