Քոնան Օ՛Բրայենի շոու. Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի՝ նկարահանումների վայր դառնալու համար

10:30   17 նոյեմբերի, 2015

Ամերիկյան լեգենդար հաղորդավար Քոնան Օ՛Բրայենի «Քոնանի շոու»-ի՝ Հայաստանում նկարահանված հատուկ թողարկումը կցուցադրվի TBS հեռուստաալիքով նոյեմբերի 17-ին: Սա Հայաստանում նկարահանված առաջին ամերիկյան հեռուստաշոուն է: Soar Productions-ի ղեկավար Ստանիսլավ Սոլովկինը, որը շոուի տեղական պրոդյուսերն է, պատասխանել է Հայաստանում Քոնանի հետ աշխատանքի մասին մի քանի հարցերի:

- Քոնանի շոուի՝ երկար սպասված թողարկումը հաջո՞ղ է լինելու:

- Քոնանից առաջ Հայաստանի մասին շատ քիչ են նկարահանել: Եղավ Քարդաշյանների շոուն, բայց այն ավելի շատ աստղային ընտանիքի, քան Հայաստանի մասին էր: Սա նոր ձեւաչափ է Քոնանի համար՝ նրա անհավանական տաղանդի համար ստեղծագործական մեծ ազատությամբ: Բայց ես մեծ հաջողություն եմ կանխատեսում: Դա մեծ ճանաչում կբերի Հայաստանին, ինչում մեծ դեր կունենա ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

 

- Ինչպիսի՞ն էին Հայաստանից Քոնանի անձնական տպավորությունները:

- Կարծում եմ՝ այդ մասին պետք է նրանից հարցնել... Բայց ես հաստատ գիտեմ, որ Քոնանի թիմը զարմացած էր, թե որքան դյուրությամբ հնարավոր եղավ ստանալ բոլոր թույլտվությունները, ինչպես նաեւ տեսախցիկի առջեւ պարզ մարդկանց անկեղծությունից, ինչը հազվագյուտ է: Քոնանին ջերմորեն էին ընդունում նույնիսկ մարդիկ, որոնց նրա անունը ոչինչ չէր ասում:

- Կարո՞ղ եք նկարահանումներից զվարճալի դեպքեր հիշել:

- Դրանք բազմաթիվ էին: Հիշում եմ, թե ինչպես Քոնանը տեղի շուկայում շրջելիս տեսավ, թե ինչպես են կարտոֆիլ վաճառում, որը նրան՝ որպես իռլանդացու, շատ հուզեց: Երկու մետր հասակով կարմրահեր տղամարդ, որը վազում էր շուկայով եւ գոռում՝ «Կարտոֆի՛լ: Կարտոֆի՛լ»: Տեսարան էր...

Բացի այդ, Քոնանը մասնակցեց «Ով ավելի քիչ կարտասվի տաք հայկական կոնյակ խմելիս» մրցույթին, եւ հաղթողներից մեկը դարձավ:

- Ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ:

- Որոշ երկրներում թույլտվություն ստանալու համար ամիսներ են պետք: Հայաստանում մենք անհրաժեշտ ամեն ինչ ստացանք մեկ շաբաթում: Իշխանությունները շատ լավ են հասկանում այդպիսի մեծ շոուի նկարահանումներից օգուտը: Մեզ ընդունեցին եւ աջակցեցին ոստիկանապետն ու տուրիզմի նախարարը, ինչի համար շատ շնորհակալ ենք: Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել արտաքին գործերի եւ մշակույթի նախարարություններին:

 

- Այլ խոշոր հաճախորդներ Հայաստանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերո՞ւմ են:

- Որպես նկարահանումների վայր՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի: Այն աշխարհի անհայտ մարգարիտներից մեկն է, անվտանգ, կոմպակտ եւ ոչ թանկ երկիր՝ բավականաչափ զարգացած ենթակառուցվածքներով: Չեմ կարող անվանումներ նշել, սակայն կարող եմ ասել, որ հաջորդ տարվա ընթացքում 3-4 շատ հայտնի հեռուստաշոուներ են նկարահանվելու Հայաստանում: Այդ նախագծերից մի քանիսին մենք մասնակցում ենք:

- Ինչո՞ւ պետք է նոր վայրեր որոնող պրոդյուսերները հենց ձեզ դիմեն:

- Որոշումը, թե ում պետք է դիմել կազմակերպչական հարցում օգնության խնդրանքով, ամենակարեւորն է այլ երկրում նկարահանումներ կատարելիս: Soar Productions-ը նույն լեզվով է խոսում ե՛ւ նախկին խորհրդային հանրապետությունների իշխանությունների հետ՝ ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Ղրղզստանը, ե՛ւ արեւմտյան ընկերությունների: Մենք լավագույնն ենք այդ երկու աշխարհների միջեւ երկխոսություն հաստատելու հարցում:



© NEWS.am STYLE