Հայկական լավաշ, տնական օղի, ազգային պար. Քոնան Օ՚Բրայենի արկածները՝ Գառնիում

13:15   19 նոյեմբերի, 2015

Համաշխարհային ճանաչում ունեցող շոումեն Քոնան Օ’Բրայենի այցը Հայաստան նշանավոր իրադարձություն էր։ Արդեն երկու օր է համաշխարային պարբերականները հատվածներ են ներկայացնում նրա հայաստանյան այցին վերաբերող շոուից։ Իհարկե, մենք նույնպես բազմիցս խոսել ենք այս մասին, ներկայացնել, թե ինչպես է Քոնանը հայերեն սովորել, հանդիպել իր օգնականի՝ Սոնայի ընտանիքին, գնացել հայկական շուկա։ Այժմ հայտնվել են տեսանյութեր Գառնի կատարած այցելությունից։

Մինչեւ Գառնի հասնելը Քոնանն ու Սոնան կանգ են առնում՝ Արարատ լեռան գեղեցկությամբ հիանալու։ Քոնանը նշում է, որ հնարավոր է հենց այստեղ է հանգրվանել Նոյի տապանը։

Հասնելով Գառնի՝ հայտնի շոումենը փորձում է հայկական ազգային պար սովորել եւ այս հարցում նրան օգնում է Սոֆի Դեւոյանը։ Թե ինչ ստացվեց արդյունքում, դիտեք ինքներդ։

Հայկական պար «սովորելուց» հետո Քոնանն ու Սոնան փորձում են տնական օղի եւ հայկական լավաշ, որի պատրաստման ձեւը իսկապես զարմացնում է նրան։

Գառնի կատարած այցելությունը ավարտվում է սարերում, որտեղ նրանք հանդիպում են հովիվների։

«Ես հիասթափված եմ, որովհետեւ նրանք անվտանգության աշխատակցի նման են հագնված։ Բայց ես կցանկանայի տեսնել ավանդական հայկական հովվի»,- ասում է Քոննան ու կերպարանափոխվում։

 



© NEWS.am STYLE