Ի՞նչ դիտել ուրբաթ երեկոյան. NEWS.am STYLE-ի ընտրությունը

12:00   27 նոյեմբերի, 2015

Եթե ուրբաթ երեկոյան ցանկանում եք սուր զգացողություններ ունենալ, ապա անկասկած պետք է դիտել ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանի «Այցելություն» նոր թրիլերը: «Գտնված ժապավենի» ժանրով նկարահանված այս Ֆիլմը սկսվում է մի անխռով թվացող տեսարանից՝ 15-ամյա Բեքին ու նրա 13-ամյա եղբայր Թայլերը այցելության են գնում իրենց տատիկի եւ պապիկի ագարակ: Միայն այն է տարօրինակ, որ մինչ այդ այցելությունը թոռները իրենց տատիկ պապիկին չէին տեսել, քանի որ նրանց մայրը ինչ-ինչ պատճառներով վիճել էր ծնողների հետ, փախել տանից ու այդ ժամանակվանից նրանց հետ չէր շփվում:

Սկզբում ամեն ինչ լավ է: Բեքին իր տեսախցիկով անընդհատ տեսագրում է բոլոր հետաքրքիր բաները, բայց աստիճանաբար երեխաները սկսում են տարօրինակ բաներ նկատել տատիկի ու պապիկի վարքագծում: Օրինակ՝ երեկոյան տատիկը միշտ սպիտակ վերնաշապիկով վազում է տնով մեկ ու անընդհատ թքում չորս կողմը, իսկ պապիկն էլ կասկածելի տեսքով միշտ ամբար է գնում: Նշենք, որ ֆիլմը բավականին սարսափազդու է, այն հանդիսականին լարված կպահի մինչեւ վերջին պահը, որն ի դեպ բավականին անսպասելի կլինի շատերի համար...

Մեկ այլ կինոպրեմիերա, որը նույնպես չարժե անտեսել՝ «Վիկտոր Ֆրանկեշտեյնն»: Հանրահայտ պատմությունն այս անգամ մատուցված է բժիշկ Ֆրանկեշտեյնի օգնականի՝ Իգորի տեսակետից: Հատկանշական է ֆիլմի աստղային կազմը. գլխավոր դերակատարներն են Դենիել Ռեդքլիֆը (Իգոր) ու Ջեյմս Մաքէվոյը (Ֆրանկեշտեյն):

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ մի անանուն կուզիկ մարդ, որը տառապում էր կրկեսում աշխատող մի աղջկա նկատմամբ անպատասխան սիրուց, մեծ ստորացում է ապրում կրկեսի բեմում, որից հետո սկսում է անատոմիայի գրքեր ուսումնասիրել: Հետո նա պատահաբար ծանոթանում է բժիշկ Վիկտոր Ֆրանկեշտեյնի հետ, ինչը մեկընդմիշտ փոխում է նրա կյանքը: Ստանալով Իգոր անունը՝ նա դառնում է հանճարի օգնականը: Ֆրանկեշտեյնի պատմության նոր մեկնաբանությունն ու դերասանական փայլուն կազմը հաճելի ու հետաքրքիր երեկո կապահովի ձեզ համար։



© NEWS.am STYLE