Հնդիկ միլիոնատիրոջ որդու 14 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ հարսանիքը՝ Ֆլորենցիայում

12:35   28 նոյեմբերի, 2015

Հնդիկ միլիոնատեր Յոգեշ Մեհթան, որը ԱՄԷ-ում Petrochem Middle East (PME) ընկերության հիմնադիրն է, իր միակ որդու՝Ռոհանի եւ նրա ընտրյալի՝ Ռոշնիի հարսանիքի համար ծախսել է մոտ 14 միլիոն ֆունտ ստեռլինգ։ 623 միլիոն դոլարի ունեցվածքի տեր Մեհթան 3 օր ու 3 գիշեր հարսանիք է կազմակերպել Ֆլորենցիայում։

Այս շքեղ հարսանիքին հրավիրված է եղել մոտ 500 հյուր, որոնք այս 3 օրը կանգ են առել Ֆլորենցիայի լավագույն հյուրանոցներից մեկում։

Բացի հյուրերից, չորեքշաբթի սկսված հարսանիքին ներկա են եղել նաեւ խոհարարների մի ամբողջ խումբ, որպեսզի ոչ մեկը քաղցած տուն չվերադառնա։

Ռոհանի եւ Ռոշնիի հարսանիքը անցկացվել է հնդկական ավանդույթների համաձայն։

Հարսանեկան արարողությանն իրենց ելույթներով մասնակցել են մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնց կատարումների ներքո իրենց պարային հմտություններ են ցուցադրել բոլոր ներկաները։

Լոնդոնում ծնված հարսնացուն, ինչպես թելադրում են հնդկական ավանդույթներ, հագել է հնդկական շքեղ սարի, իսկ ձեռքերին հինայով դաջվածք արել։

Սակայն հնդկական ավանդույթներից մեկն այնուամենյնիվ չի հաջողվել իրականացնել։ Իտալական մամուլի փոխանցմամբ՝ Ֆլորենցիայի քաղաքապետարանը թույլ չի տվել փեսային արարողությանը ներկայանալ փղի վրա նստած։ Համաձայն իտալական La Nazione պարբերականի՝ քաղաքապետարանը այդ որոշումն ընդունել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

 

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE