Տիմատին «պայթեցրեց» Երևանը (ֆոտոռեպորտաժ)

10:10   7 դեկտեմբերի, 2015

Երեկ` դեկտեմբերի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Տիմատիի եւ Black Star լեյբլը ներկայացնող ռեփեր L’One-ի համերգային շոուն: Համերգի մեկնարկը պետք է տրվեր 19:00-ին, սակայն երկրպագուները մարզահամալիր էին ժամանել 17:00-ից սկսած` վայելելու Street Workout խմբի շոուն:

«Քանի որ Տիմատին իր կարիերայի վերելքում է գտնվում, մենք վաղուց էինք մտածում կազմակերպել նրա համերգը Երեւանում: Իրենց շրջագայությունների ընթացքում Երեւան ժամանելու ամենահարմար ժամանակահատվածը հենց դեկտեմբերն էր, այսպիսով` այս ամիս կարողացանք իրագործել մեր ծրագիրը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց համերգի կազմակերպիչներից Արմինե Խախամյանը:

Սպասված համերգի մեկնարկը տվեց Dj Smoke-ը, որն իր երաժշտությամբ էլ ավելի աշխուժացրեց Տիմատիին անհամբեր սպասող երկրպագուներին:

Ռուսաստանից եկած աստղերը համերգասրահ ժամանեցին բավականին ուշ, իսկ առաջինը բեմահարթակը «զբաղեցրեց» L’One-ը:

Սակայն թե՛ լրագրողները, թե՛ երկրպագուները շարունակում էին կուլիսներում «որսալ» միջոցառման գլխավոր «մեղավորին»: Օրվա աստղը ժամանեց իր անվտանգության աշխատակիցներով շրջապատված եւ բեմահարթակ բարձրացավ, մոտավորապես, ժամը 22:15-ին, սակայն աղմուկն ու ցնծությունը, որն առաջացավ նրան տեսնելուն պես, վկայում էին այն մասին, որ ռեփերի երկրպագուները նրան պատրաստ էին սպասել հավերժ:

Տիմատին իր բիթերով վարակեց ամբողջ համալիրը: Առավել մեծ աշխուժություն գրանցվեց, երբ աստղը սկսեց կատարել իր ամենասիրված ստեղծագործությունները` Борода, В Клубе, Дерзкая եւ Лондон հիթերը: Ի դեպ, վերջին երգում ռեփերը խոստովանեց. «Ինչի՞ս է պետք Լոնդոնը, Արարատն այստեղ է», իսկ Дерзкая երգի կատարման ընթացքում ներկայացրեց իր նոր` երեւանյան ռեմիքսը:

Հանդիպման ընթացքում ռեփերը նաեւ  բեմից սելֆի արեց երկրպագուների հետ եւ տեսագրության միջոցով շնորհավորեց Ամերիկայում բնակվող իր հայ ընկերոջը` Ջորջ Քեշիշյանին` ամուսնության առթիվ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE