2015-ի վատագույն ֆիլմերի հնգյակը՝ ըստ NEWS.am STYLE-ի

22:11   17 դեկտեմբերի, 2015

2015 թ. մոտենում է ավարտին, եւ մենք այդ կապակցությամբ որոշել ենք կազմել անցնող տարվա վատագույն կինոպրեմիերաների վարկանիշը, որոնց վրա, չնայած հեղինակների գունեղ խոստումներին, չարժեր ժամանակ վատնել: Այդ ֆիլմերը հիասթափությունից բացի ուրիշ ոչինչ չեն տվել: Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում 2015 թ. վատագույն ֆիլմերի հնգյակը:

Լայն գովազդված եւ սկանդալային դառնալու հավակնություններ ունեցող «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմը հիաթափեցրեց նույնիսկ «ամենահուսահատներին», ավելի ճիշտ ամենաանհույս տնային տնտեսուհիներին, որոնք հույսեր էին փայփայում էկրանների վրա իրենց գաղտնի ֆանտազիաների մարմնավորումը տեսնել: Ֆիլմը կարելի է ասել ոչինչ էր։ Այո, անկասկած գրքի համեմատ այն պարզապես «գլուխգործոց» էր, այնուամենայնիվ հեղինակներին չէր հաջողվել ստեղծել ոչ դրամա, ոչ հոգեբանական մելոդրամա, ոչ էլ առավել եւս էրոտիկ ֆիլմ: «Մոխրագույնի 50 երանգները» որպես ոչ ստանդարտ բովանդակությամբ ու հերոսների բարդ փոխհարաբերություններով համարձակ մելոդրամա ներկայացնելու բոլոր փորձերը ձախողվեցին: Ստացվել է ինչ- որ ձանձրալի ու անիմաստ ֆիլմ՝ էրոտիկայի ակնարկով, որը չի հասնում «Նիմֆոմանկայի» անկեղծությանն ու խորը եւ նուրբ հոգեբանական բովանդակությանը, կամ էլ ասենք «Վայրի խոլորձի» գեղեցկությանն ու համարձակությանը: Ֆիլմը ոչնչի մասին է՝ անհամ ու անճաշակ:

Հաջորդ հիասթափությունը «Երկրպագուն» է՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարմամբ: Բացահայտ թույլ կեղծ-հոգեբանական թրիլլեր սովորական սյուժետով, որի հանգուցալուծումը կարելի է կռահել առաջին տասը րոպեներից հետո: Որպես բոնուս չծերացող Լոպեսն է, որը բաց տեսարաններում հենց ինքն է նկարահանվել՝ առանց կրկնորդի: Ընդհանուր առմամբ գլխավոր կերպարները չափազանց տափակ ու անհասկանալի են ստացվել՝ շատ են անիմաստ տեսարաններն ու հիմար երկխոսությունները: 

«Ֆանտաստիկ քառյակը». սուպերհերոսների մասին ֆիլմերի նոր ընկալում ներկայացնելու անհաջող փորձ: Դերասանների խաղը պարզապես ապշեցնում է իր հասարակությամբ, ես կասեի նույնիսկ խաղի բացակայությամբ: Սյուժետը դատարկ է ու անիմաստ: Գործողությունների հիմնական մասը ծավալվում է երկու շինություններում, որտեղ հերոսները քննարկում են իրենց մեծ գործերը՝ հանուն մահացող մոլորակի փրկության, իսկ թե ինչու է վերջինս մահանում, հասկանալի չէ, պարզ չէ նաեւ գլխավոր չարագործի մոտիվները՝ թե ինչու էր նրան պետք եկել շտապ կերպով ոչնչացնել մեր մոլորակը:

«Գեղեցկուհիները վազքի մեջ»՝ ծեծված սյուժետով կատակերգական մատաֆիլմ, որը հիմնականում կանանց ու դեռահասների համար է նախատեսված: Ստացվել է շատ միջին ֆիլմ: Կատակները տափակ են, սցենարը՝ կանխատեսելի: Ոչ մի օգտակար բան դուք հաստատ չեք քաղի, բայց հնարավոր է, որ կժպտաք: Ոչ թե կատակների շնորհիվ, այլ ձեզ ծիծաղեցնելու համառ փորձերի։ 

«Կիբեր»: Ուզում էին հաքերների մասին գերժամանակակից մարտաֆիլմ նկարահանել, բայց ավաղ ստացվել է շատ միջին «մարտաֆիլմիկ», որը լի է 20- ամյա վաղեմության կաղապարներով: Բացի դրանից հանդիսատեսը ստիպված է «վայելել» IT թեմայով հերոսների պսեւդոգիտական ու անիմաստ երկխոսությունները: Ֆիլմի էքշն բաղկացուցիչը չնայած դինամիկ է, բայց ոչ մի յուրահատկություն չունի: Ամեն ինչ շատ կանխատեսելի է ու ծեծված:

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE