Ամանորյա նախուտեստներ՝ նրբաբլիթներից

20:16   15 դեկտեմբերի, 2015

Մսի միջուկով նրբաբլիթներն ամանորյա սեղանի անբաժան մասն են: Բայց գիտե՞ք արդյոք, որ նրբաբլիթներից կարելի է շատ յուրահատուկ ու համեղ նախուտեստներ պատրաստել, որոնք հաճելիորեն կզարմացնեն ձեր հյուրերին ու բավականին հաճելի ակնթարթներ կպարգեւեն տանտիրուհուն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրբաբլիթների մատուցման մի քանի հետաքրքիր ու անսովոր տարբերակ:

Նրբաբլիթներից ռոլեր. դրա համար ձեզ անհրաժեշտ են նրբաբլիթներ, սերուցքային պանիր, մի քանի հատ կանաչ սոխ ու կարմիր ձկնկիթ: Պարտադիր չէ թանկարժեք կարմիր ձկնկիթ գնել, կարելի է նաեւ տեղական արտադրության ձկնկիթ օգտագործել, որը վաճառում են ձկան խանութներում. 100 գրամ նման ձկնկիթը 1000-1500 դրամ կարժենա: Սերուցքային պանրի մեջ ավելացնում ենք մի քանի հատ կտրատած կանաչ սոխ եւ ձկնկիթը: Համեմում ենք սեւ պղպեղով ու անհրաժեշտության դեպքում նաեւ աղով: Եթե պանիրը չափից խիտ է, այն կարելի է մի քիչ լուծել սերուցքով կամ կաթով: Լցոնը տեղադրում ենք նրբաբլիթի վրա ու գլանաձեւ փաթաթում, դնում ենք սառնարան: Մատուցելուց առաջ ռուլետը զգուշությամբ կտրատում ենք մի քանի մասի՝ ստացվում են գեղեցիկ ռոլեր:

Ի դեպ, ձկնկիթին կարելի է հավելել կամ ցանկության դեպքում այն փոխարինել ոչ աղի սաղմոնով: Այդ դեպքում սոխի փոխարեն ավելի լավ է սամիթ օգտագործեք ու բարակ կտրատած վարունգ:

Կարելի է օգտագործել նաեւ ապխտած սիգ: Այդ դեպքում սերուցքային պանրի մեջ մի քիչ ծովաբողկ ենք հավելում, մի քիչ կտրատած չոր սոխ ու մաղադանոս:

Կա նաեւ կարտոֆիլով ու ծովատառեխով ռոլերի տարբերակ: Դրա համար պետք է շատ նուրբ կարտոֆիլի պյուրե պատրաստել: Նրբաբլիթի վրա քսել բարակ շերտ մայոնեզ, որից հետո պյուրեն, վրայից հավելել մանր կտրատած ծովատառեխը ու կանաչ սոխը: Գլանաձեւ փաթաթել ու դնել սառնարանը: Մատուցելուց առաջ հավասար կտորների բաժանել:

Նրբաբլիթներից կարելի է նաեւ տաք ուտեստ պատրաստել: Ձեզ առաջարկում եմ լցոնման համար երկու միջուկ՝ ըստ ձեր ճաշակի: Առաջին դեպքում ձեզ հարկավոր է պահածոյացված թունա ձուկ, կապար, կանաչ սոխ, մաղադանոս: Բոլոր բաղկացուցիչները կտրատում ենք, խառնում, հավելում սերուցքային պանիր կամ թթվասեր: Փաթաթում ենք նրբաբլիթները, դնում թավայի մեջ, որի վրա նախապես յուղ ենք քսում, վրայից թթվասեր ու քերած պանիր լցնում, դնում ջեռոց մինչեւ կարմիր կեղեւ կազմելը: Երկրորդ տարբերակում լցոնը պատրաստվում է եփած հավի կրծքամսից, տապակած սոխից ու սնկից: Երկու դեպքում էլ շատ համեղ կստացվի: Հյուրերը հաստատ ըստ արժանվույն կգնահատեն ուտեստները։  

Յուլիա Վարդանյան

 



© NEWS.am STYLE