16:33 17 դեկտեմբերի, 2015Վերջերս հաղորդվել էր, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքն ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը վերջապես կարողացել են համաձայնության գալ հայտնի երգչուհու ժառանգության վերաբերյալ: Այսօրվա դրությամբ Ժաննա Ֆրիսկեի ժառանգորդ են համարվում նրա ծնողները` Վլադիմիր Ֆրիսկեն եւ Օլգա Կոպիլովան եւ անչափահաս որդին` Պլատոնը, որի շահերը պաշտպանում է հայրը` Դմիտրի Շեպելեւը:
Սակայն պարզվել է, որ երկու կողմից բացի, ժառանգությանը անսպասելի մի կողմ է հավակնում: Խոսքը Ռուսֆոնդի մասին է, որին ոչ մեկը հաշվետվություն չի տվել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական միջոցները, որոնք հավաքվել էին երգչուհու բուժման համար: Դարձյալ սկանդալի հոտ է գալիս եւ դարձյալ խոսքը «կորած» փողի մասին է:

Ժաննա Ֆրիսկեն երկու տարի պայքարել է անբուժելի հիվանդության դեմ: Նրան աջակցության ակցիայի հայտարարումից հետո բոլոր սրտացավ մարդիկ նրա բուժման համար 69,2 մլն ռուբլի հավաքեցին: 11,6 մլն-ից քիչ ավելի փոխանցեցին Մայամիի հիվանդանոցին, որտեղ նա բուժվում էր: Ժաննայի հետ պայմանավորվածության համաձայն, 32,6 մլն փոխանցեցին ուռուցքային հիվանդություններով երեխաների բուժմանը: Մեկ տարի անց մնացած 25 մլն-ը փոխանցվեց երգչուհու անձնական բանկային հաշվին, որովհետեւ ռուսական օրենքի համաձայն, բարեգործական հիմնադրամն իրավունք չունի իր հաշվին մի տարուց երկար նպատակային նվիրատվություններ պահել: Փոխարենը պիտի ստացվեին հաշվետվությունները ծախսերի մասին:

Հայտնի երգչուհին մահացել է կես տարի առաջ: Այդ ընթացքում երգչուհու հարազատներից հաշվետվություններ են ստացվել 4,1 մլն ռուբլու վերաբերյալ ( 25 մլն-ից): Ռուսֆոնդը բազմիցս դիմել է Ժաննա Ֆրիսկեի հարազատներին` խնդրելով տվյալներ տրամադրել մնացած` 20-ից ավելի մլն-ի վերաբերյալ, բայց հարցն անպատասխան է մնացել: Երգչուհու հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն, պնդում է, թե ծախսերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը Ժաննայի քաղաքացիական ամուսնու` Դմիտրի Շեպելեւի մոտ են: Իսկ նա իր հերթին ասում է, թե բանկային քարտը վաղուց փոխանցել է Վլադիմիր Ֆրիսկեին:

Ռուսֆոնդը նոտարին արդեն փոխանցել է իր հայտարարությունը երգչուհու ժառանգական ունեցվածքի նկատմամբ իր հավակնությունների վերաբերյալ, տեղեկացնում է «Комсомольская правда» կայքը: Տվյալ դեպքում բարեգործական հիմնադրամը պարտատեր է: Այժմ ամեն ինչ ժառանգներից է կախված, որոնք կամ պիտի հաշվետվություն ներկայացնեն ծախսերի վերաբերյալ կամ գումարը վերադարձնեն հիմնադրամին: