NEWS.am STYLE Exclusive. Արեն Բայադյանը՝ Low Deep T-ի հետ համագործակցության եւ Հայաստանում նկարահանված նրա նոր տեսահոլովակի մասին

15:31   19 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 18-ին համացանցում հայտնվեց աշխարհահռչակ երաժիշտ Low Deep T-ի «Home 2 U»-ի նոր տեսահոլավակը։ Հոլովակը միանգամից մեծ աղմուկ բարձրացրեց եւ լայն տարածում գտավ, քանի որ այն նկարահանվել էր Հայաստանում, ռեժիսոր Արեն Բայադյանի կողմից։ Օգտատերերը փաստեցին, որ տեսահոլովակը թե որակապես, թե ռեժիսորական աշխատանքով, թե սցենարով, թե պրոֆեսիոնալիզմով ոչնչով չի զիջում միջազգային ստանդարտներին եւ իսկապես արժանի է այդ բարձր գնահատականին։

NEWS.am STYLE-ը զրուցել է այս բարձրակարգ աշխատանքի հեղինակ Արեն Բայադյանի հետ եւ պարզել, թե ինչպե՞ս է ստացվել համագործակցությունը, ինչու՞ է ընտրվել Սեւանը, ի՞նչ գնահատական է տվել աշխարհահռչակ երաժիշտը հայ ռեժիսորի եւ նրա թիմի աշխատանքին եւ ինչու՞ հենց դեկտեմբերի 18-ին է YouTube-ում հրապարակվել տեսահոլովակը։

- Արեն, կպատմեք, թե ինչպես ստացվեց համագործակցությունը եւ ու՞մ հրավերով Low Deep T-ն եկավ Հայաստան։

- Երկու տարի առաջ, երբ ես ԱՄՆ-ում էի, Low Deep T-ն գրեց ինձ Facebook-ում՝ ասելով, որ շատ է հավանում իմ աշխատանքները եւ ցանկանում է համագործակցել։ Սկզբում ինձ թվաց, որ դա ինչ-որ կեղծ օգտատեր է, սակայն զրուցի ընթացքում հասկացա, որ ամեն ինչ իրական է։ Նա նշեց, որ ցանկանում է գալ Հայաստան, որպեսզի հենց ես նկարահանեմ իր նոր տեսահոլովակը։ Նրա խոսքով՝ մեր համագործակցությունը նաեւ հնարավորություն կընձեռի տեսնել Հայաստանը։ 

- Ինչու՞ ընտրվեց հենց Սեւանը։

-Սցենարը գրվել էր համապատասխան իր երգին, որը նա ինձ նախօրոք ուղարկել էր։ Սցենարը նրան շատ դուր եկավ եւ ասաց, որ հենց այդպես էլ ցանկանում ու պատկերացնում է տեսահոլովակը։ Քանի որ ըստ սցենարի տեսահոլովակի գործողությունները պետք է զարգանան լճի ափին գտնվող տնակում, անհրաժեշտ էր գտնել նման մի տնակ։ Բարեբախտաբար տնակը Սեւանում էր, հետեւաբար նկարահանումները կատարվեցին հենց այնտեղ։

-Տեսահոլովակի հերոսուհին հայտնի մոդել եւ դերասանուհի Աննա Գրիգորյանն է։ Ինչպե՞ս կատարվեց նրա ընտրությունը։

-Աննայի ընտրությունը ես եմ կայացրել՝ իհարկե իր համաձայնությամբ։ Քանի որ տեսահոլովակը նկարահանվում էր Սեւանում, որոշեցինք ընտրել հայ հերոսուհի, որպեսզի եւս մեկ անգամ շեշտադրենք տեսահոլովակի՝ Հայաստանում նկարահանվելու փաստը։ Հոլովակում Հայաստանի մասին հիշեցնող այլ դետալներ էլ կան։

- Իսկ ի՞նչ գնահատական տվեց Low Deep T-ն հայ ռեժիսորի եւ նրա նկարահանման խմբի աշխատանքին։

-Կարծում եմ, որ շատ լավ։ Անգամ հենց երեկ տեսահոլովակը YouTube-ում տեղադրելիս ինձ գրեց ու ասաց. «Քո ծննդյան կապակցությամբ այսօր եմ դնում YouTube-ում»։

Ռեժիսորը նշեց նաեւ, որ տեսահոլովակը նկարահանվել է անցյալ տարի, բայց քանի որ այն պետք է ներառվեր հայտնի երգչի նոր ալբոմում, փոքր-ինչ ուշ հրապարակվեց։

 

 

Պատրաստեց Դիանա Հովհաննիսյանը

 

 



© NEWS.am STYLE