Դիզայներները հայտնել են 2016-ի նորաձեւ երանգները

12:35   23 դեկտեմբերի, 2015

Ուրախալի լուր կանանց եւ աղջիկների համար։ Արդեն կարելի է փոխել զգեստապահարանի ներկապնակը եւ «զինվել» նոր գույներով, քանի որ ամերիկյան Pantone ինստիտուտի դիզայներները բացահայտել են, թե որ գույներն են ավելի հաճախ տեսնելու եւ հագնելու 2016-ին։

Անապատի նարնջագույն

2016-ին ավելի մոդայիկ են բնական գույները, այդ թվում՝ անապատի նարնջագույնը։ Այս նրբերանգը 2016-ի ամենատարածված միտումն է լինելու։ Մասնագետների պնդմամբ՝ այն դուր կգա եւ կգեղեցկացնի գրեթե բոլորին, ինչպես նաեւ կբարձրացնի տրամադրությունը։

Բիսկայյան ծոց

2016-ին իշխելու է հագեցած եւ մուգ զմրուխտը։ Այն արեւադարձային կանաչի եւ ծովային կապույտի միաձուլումն է։ Ինչ վերաբերում է գունային համադրությանը, ապա այն հիանալի համադրվում է դեղինի եւ սուրճի գույնի հետ։

Գինեգույն

Այս ձմռան գույնը միանշանակ կարելի է համարել գինեգույնը, որը նորաձեւություն է եկել 70-ականներից։ Այն հիանալի է ոչ միայն հագուստի, այլեւ կոշիկի եւ աքսեսուարների ընտրության հարցում։ Գինեգույնը կարելի է համարել եւ սառը, եւ տաք երանգների, հատկապես՝ կապույտի հետ։

Սառույցով սուրճ

2016-ի նորաձեւ գույներից է նաեւ սառույցով սուրճի երանգը։ Այն ասես աշնան բնության վերակենդանացում լինի։ Այս երանգը նախընտրելի է ինչպես գործնական, այնպես էլ առօրյա լուքերի համար։ Այն հիանալիորեն համադրվում է հանգիստ երանգների հետ եւ կարող է փոխարինել սեւին։

Քաշմիրե վարդագույն  

Քաշմիրե վարդագույնը 2016-ին չի զիջի իր դիրքերը եւ ողջ տարվա ընթացքում այն արդիական ու թրենդային կմնա։ Քաշմիրե վարդագույն հագուստով դուք միշտ նորաձեւ տեսք կունենաք եւ կտարբերվեք մյուսներից։

 

Աղբյուրը՝ Golbis.com

Պատրաստեց՝ Յանա 



© NEWS.am STYLE