Ի՞նչ խմորեղեն դնել ամանորյա սեղանին. խորհուրդ է տալիս Լիկա Մեսրոպյանը (տեսանյութ)

19:29   30 դեկտեմբերի, 2015

Հաշված ժամեր են մնացել տարվա ամենասպասված տոնին՝ Ամանորին։ Իհարկե, այս օրերին կանայք պատրաստվում են ամանորյա սեղանը զարդարել համեղ ուտեստներով եւ խմորեղեններով։ Եվ նրանց այս հարցում օգնելու համար NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել «Laki» Dessert Art Studio-ի հիմնադիր, դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ, որը մեզ հետ կիսվեց իր մասնագիտական խորհուրդներով։

«Այս տարի խորհուրդ է տրվում տոնական սեղանին դնել շոկոլադե թխվածքներ։ Եթե տանը փոքրիկ երեխա կա, ապա լավ կլինի որ թխվածքները ձեւավորվեն ամանորյա խորհրդանիշներով՝ ձմեռ պապ, փաթիլ, ժամացույց»,- ասաց Լիկան։

Վերջինիս նշեց նաեւ, որ այս տարի նույնպես սեղաններից չեն պակասի գաթան եւ փախլավան։

«Կարծես մեզ մոտ ավանդույթ է դարձել, որ գաթան, փախլավան եւ մի շարք այլ խմորեղեններ պետք է անպայման լինեն ամանորյա սեղանին։ Ես ինքս էլ այդ խմորեղենից դնում եմ, բայց փորձում եմ նոր միջուկ լցնել՝ յուրօրինակ համ ստանալու համար։ Կարել է հետաքրքիր միքսեր անել։ Օրինակ՝ թռչնի կաթի մեջ ավելացնել մանր կտրատած ընկույզ»,- նշեց նա։

Ի դեպ, Լիկան խորհուրդ չի տալիս սեղանին դնել մրգային թխվածքներ, քանի որ դրանք չի կարելի երկար պահել։

«Բանանով թխվածքը մեկ օրից ավելի չեք կարող պահել։ Ինչպես գիտենք, բանանը սեւանալու հատկություն ունի։ Իսկ եթե շատ եք ցանկանում նմանատիպ խմորեղեն պատրաստել, ապա խորհուրդ կտամ բանանի վրա լցնել կիտրոնի հյութ։ Էկլեր նույնպես խորհուրդ չեմ տա, քանի որ կրեմը կաթով է պատրաստված, որը 8 ժամից ավելի չի կարելի պահել։ Իսկ ջրով պատրաստածը կարող եք պահել 2-3 օր, բայց այնքան էլ համեղ չի ստացվում»,- ավելացրեց Լիկան։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE