Կարեւոր է, որ նա ինձ սիրի այնպիսին, ինչպիսին կամ. NEWS.am STYLE-ի հարցազրույցն ու ֆոտոշարքը Մարինկա Խաչատրյանի հետ

21:05   1 հունվարի, 2016

«Սիրո Գերին» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Մարինկա Խաչատրյանը NEWS.am STYLE-ի ֆոտոնախագծում ներկայացավ միանգամից երկու կերպարներով: Պետք է խոստովանել, որ Մարինկան, բավականին, կրեատիվ էր, եւ առաջին կերպարի համար նախատեսված մուգ կապույտ զգեստը ներկայացրեց մի քանի տարբերակներով:) Իսկ արդեն երկրորդ կերպարի համար ընտրել էինք դերասանուհու պայծառ եւ արեւոտ էությանը համահունչ Ամանորյա թեմատիկայով զգեստ, որով էլ Մարինկան լուսանկարվեց տոնածառի շուրջ:

Ֆոտոնկարահանումից հետո դերասանուհին մեզ հետ ամփոփեց 2015-ի իր ձեռքբերումները:

-Մարինկա, ինչպիսի՞ն էր 2015 թվականը քեզ համար:

-Բավականին հաջողակ տարի էր թե կարիերայում, թե կյանքում:

-Բացի այն, որ անցած տարի ավարտին մոտեցավ քո մասնակցությամբ առաջին հեռուստասերիալը` «Սիրո գերին», նաեւ հասցրեցիր նկարահանվել «Զգուշացեք, կանայք» գեղարվեստական ֆիլմում: Հե՞շտ էր սերիալից անցում կատարել դեպի գեղարվեստական ֆիլմ:

-Իհարկե, հեշտ չէր, քանի որ առանջին անգամ էի նկարահանվում եւ սերիալում, եւ գեղարվետական ֆիլմում: Այս երկուսը շատ տարբեր ոլորտներ են: Գեղարվեստական ֆիլմն ավելի բարդ եւ դժվար աշխատանք է պահանջում: Այնտեղ սխալվելու իրավունք չունես: Ամեն ինչ պետք է անես ճիշտ եւ հստակ: Շատ ուրախ եմ, որ նկարահանվեցի գեղարվեստական ֆիլմում: Նման առաջարկ ստանալն ինձ համար շատ հաճելի էր:

-Ինքդ ինչպե՞ս կբնութագրես քեզ համար արդեն հարազատ դարձած Արփիի կերպարը:

-Անչափ շատ սիրեցի իմ կերպարին: Չնայած նա 15 տարեկան աղջնակ էր, շատ խելացի էր: Ճիշտ է` երբեմն անում էր այնպիսի քայլեր, որոնք ավելի հասուն մարդիկ կանեին, բայց ժամանակին փոշմանում եւ հետ էր կանգնում այդ քայլերից: Իմ եւ Արփիի մեջ կա որոշակի նմանություն. Ես եւս շատ եմ մտածում քայլեր ձեռնարկելուց առաջ:

-Արփին առաջին կերպարն էր, որին մարմնավորեցիր: Ֆիլմի ավարտից հետո հե՞շտ հրաժեշտ տվեցիր նրան:

-Այո, իմ առաջին կերպարն էր եւ անկեղծ ասած` ինքս շատ էի կապվել այդ հերոսուհու հետ, սակայն ի վերջո կարողացա բաժանվել այդ կերպարից, որովհետեւ ֆիլմը մոտեցավ ավարտին: Ինձ համար ամենակարեւորն այն փաստն էր, որ կերպարս սիրվեց հեռուստադիտողի կողմից:

-Մասնագիտությամբ դերասանուհի չես. Ինչպե՞ս հայտնվեցիր այս ոլորտում:

-Մասնակցեցի ֆիլմի համար հայտարարված քասթինգին եւ ընտրվեցի այս դերի  համար: Բավականին դժվար քասթինգ էր, չէի պատկերացնում, որ կկարողանամ հաղթահարել այն: Բայց շատ անսպասելի կերպով ստացա այդ դերը, ինչի համար շատ ուրախ եմ:

-Ապագայում է՞լ ես քեզ պատկերացնում տեսախցիկների առջեւ:

-Իհարկե, ապագաս պատկերացնում եմ հենց այս մասնագիտությամբ:

-Հեռուստասերիալից հետո երկրպագուներիդ բանակն ավելի մեծացավ: Ինչպիսի՞ տղայի ես տեսնում քո կողքին:

-Դեռ չունեմ ընտրյալ: Ինքս շատ նվիրվող եւ գնահատող անձնավորություն եմ եւ կցանկանայի, որ կողքիս լիներ հենց այդպիսի մեկը: Ինձ համար կարեւոր է, որ նա ինձ սիրի այնպիսին, ինչպիսին որ կամ` անկախ ամեն ինչից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի

Վարսահարդարում` Արմինե Կարապետյան/ «Էլեն» գ/ս

Դիմահարդարում` Տաթեւ Սաղյան/ Մանե Սահակյան Make up Studio 

Զգեստները` Արմինե Մարտիրոսյանի/ArmiMarti Design

Նկարահանումն իրականացվել է Imperial Palace հյուրանոցում



© NEWS.am STYLE