Առօրյա կյանքում էլ սիրով կհագնեի տարազ. NEWS.am STYLE-ի հարցազրույցն ու ֆոտոշարքը մոդել Աննա Դեմիրխանյանի հետ

14:14   3 հունվարի, 2016

«Միսիս Գլոբ 2015» մրցույթում Հայաստանը ներկայացրեց գեղեցկուհի Աննա Դեմիրխանյանը: Մեր գեղեցկուհուն հաջողվեց պատվավոր տեղ զբաղեցնել մրցույթի լավագույն հնգյակում: NEWS.am STYLE-ը Աննայի հետ զրուցել է մրցույթի շուրջ: Մոդելը ոչ միայն պատասխանել է մեր հարցերին, այլեւ լուսանկարվել է NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում` ներկայացնելով հայուհու կերպարն ու գեղեցիկ տարազները:

-Աննա, երբվանի՞ց եք զբաղվում մոդելային բիզնեսով:

-Մոդելինգով զբաղվում եմ 14 տարեկանից: Տղայի քայլվածք ունեի եւ մայրիկս ինձ մոդելային դպրոց տարավ, որպեսզի ուղղեմ քայլվածքս:

-Այս տարի մասնակցեցիք «Միսիս Գլոբ» մրցույթին: Կիսվեք տպավորություններով:

-Շնորհիվ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի` ես կարողացա մասնակցել այս մրցույթին: Տպավորություններս շատ դրական են, որովհետեւ 65 գեղեցկուհիների մեջ ինձ հաջողվեց հայտնվել լավագույն 15-ի մեջ, ինչի համար ստացա մի շարք մրցանակներ: Բացի այն, որ համարվում էի մրցույթի ֆավորիտներից մեկը, նաեւ ամուսնուս հետ արժանացանք «Լավագույն զույգ» կոչմանը: Սա ամուսնացած կանանց եւ մայրերի համար նախատեսված մրցույթ էր, սակայն զարմանալի էր այն փաստը, որ մրցույթին մասնակցում էին նաեւ չամուսնացած եւ երեխաներ չունեցող աղջիկները:

Մրցույթն, իհարկե, ուներ շատ դժվարություններ` քնում էինք ընդամենը երեք ժամ, օրը երեք անգամ փոխում էինք դիմահարդարումը, ստիպված էինք միշտ ժպտալ եւ աշխատել հեռուստատեսության հետ:

-Իսկ ընկերուհիներ հասցրեցի՞ք ձեռք բերել մրցույթի ընթացքում:

-Բնավորությամբ շատ բաց եւ անմիջական մարդ եմ: Գրեթե բոլորի հետ ընկերություն էի անում: Շատ լավ աղջիկներ կային` Աֆրիկայից, Ավստրալիայից, Կորեայից, Ճապոնիայից, Ամերիկայից, Իսպանիայից…շփման միակ դժվարությունը լեզվի խնդիրն էր: Ամենից շատ մտերմացա Միսիս Եվրոպա տիտղոսակիր Նատալիա Կիլյանի հետ, ի վերջո, արյունը քաշում էր:) Մտերիմ էի նաեւ Ղրիմը ներկայացնող Ելենա Բուլավկայի եւ Կենտրոնական Ասիան ներկայացնող Անաստասիա Բոյկայի հետ: Մենք հիանալի քառյակ էինք: Շփումը պահպանել ենք նաեւ մրցույթից հետո:

Հրաշալի աղջիկներ էին նաեւ Ղրղզստանի, Միջին Ասիայի եւ Ուրալի ներկայացուցիչները: Մեզ` ռուսախոսներիս, անվանում էին ռուսական մաֆիա:) Գիշերը միշտ միասին էինք ինչ-որ բան ուտում, հայկական կոնյակ էինք խմում:)

Անկեղծ ասած` մեզ դուր չեկավ չինական խոհանոցը: Ես դա նախորոք գուշակել էի, եւ ինձ հետ տարել էի լավաշ, պանիր, երշիկ եւ բաստուրմա: Հենց դրանցով էլ սնվում էինք, այլապես սոված կմնայինք:)

-Աննա, ինչպե՞ս է Ձեր ընտանիքը վերաբերում Ձեր կարիերային: Հե՞շտ եք կարողանում համատեղել ընտանեկան կյանքն ու մոդելային բիզնեսը:

-Անկեղծ ասած` մոդելային կարիերա, որպես այդպիսին, չունեմ:) Չեմ էլ ձգտում այս ոլորտի բարձունքներին, չեմ երազում հայտնիության մասին: Սա ինձ համար թեթեւ հոբբի է, որով զբաղվում եմ հաճույքիս համար: Ընտանիքս հարգում է իմ հոբբին եւ ընտրությունը:

-Ծանոթ լինելով այս ոլորտի դժվարություններին` կցանականայի՞ք , որ Ձեր դուստրն էլ բռներ այս ուղին:

-Ցանկացած մասնագիտություն ունի թե դական, թե բացասական կողմեր: Շատ կարեւոր է, որ մարդը սիրի իր մասնագիտությունն ու աշխատանքը: Ուզում եմ, որ աղջիկս ինքն ընտրի իր մասնագիտությունը: Երբեք նրան ոչինչ չեմ ստիպի, միայն կտամ որոշ խորհուրդներ եւ կօգնեմ ցանկացած պարագայում: Նա այնքան խելացի աղջնակ է. համոզված եմ` ճիշտ ընտրություն կկատարի: Դուստրս շատ ստեղծագոծ փոքրիկ է: Ես հպարտանում եմ նրանով:

-Իսկ ի՞նչ կասեք այսօրվա Ձեր կերպարի մասին: Որքանո՞վ է հայուհու ազգային հագուստը  Ձեզ հոգեհարազատ:

-Ինձ անչափ դուր է գալիս հայկական ազգային հագուստը: Այդ սերը հատկապես ավելացավ, երբ ծանոթացա «Տերյան» մշակութային կենտրոնի գեղեցիկ տարազներին: Անկեղծ ասած` առօրյա կյանքում էլ սիրով կհագնեի տարազ` այն համադրելով նորաձեւ էլեմենտներով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի

Հագուստը` «Տերյան» մշակութային կենտրոն

Նկարահանումն իրականացվել է «Մեր Գյուղը» ռեստորանային համալիրում



© NEWS.am STYLE