Դա ընդամենը խաղ է, սխալ կլինի այն վերագրել իմ կյանքին. Բեն Ավետիսյանի նոր ֆոտոշարքն ու հարցազրույցը` NEWS.am STYLE-ի հետ

11:37   5 հունվարի, 2016

Օրեր առաջ «Կենտրոն» հեռուստատեսությամբ մեկնարկեց «Երանի» կոչվող նոր հեռուստասերիալը, որում նկարահանվել են Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Հարություն Մովսիսյանը, Ալինա Մարտիրոսյանը, Էթերի Ոսկանյանը եւ այլք: «Սիրո Գերին» ֆիլմում Էրիկի կերպարով հայտնի դարձած դերասան Բեն Ավետիսյանը հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսին` Արամին, որն իր ապրելակերպով ամբողջովին տարբերվում է Էրիկից:

NEWS.am STYLE-ը բացառիկ ֆոտոշարք է իրականացրել երիտասարդ, բայց արդեն իսկ սիրված դերասանի հետ, որի ընթացքում Բենը մեզ պատմել է իր նոր կերպարի, Էրիկի հետ ասոցացվելու, դերասանի մասնագիտության եւ որոշ անձնական հարցերի մասին: Բեն Ավետիսյանի հետ գեղեցիկ ֆոտոշարքն ու բովանդակալից հարցազրույցը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Բեն, ինչպիսի՞ն էր 2015-ը քեզ համար:

-2015 թվականն ինձ համար հաջողակ տարի էր: Ունեցա առաջարկ խաղալու  «Շանթ» հեռուստաընկերության «Սիրո Գերին» հեռուստասերիալում: Վերջերս նկարահանվեցի «Սահմանին» ֆիլմում, իսկ այժմ նկարահանվում եմ «Կենտրոն» հեռուստաընկերության «Երանի» հեռուստասերիալում, որտեղ հանդես եմ գալիս գլխավոր դերով: Գործնական առումով կարող եմ ասել, որ բավականին ստացված տարի էր:

-«Սիրո Գերին» հեռուստասերիալից հետո քեզ հաճախ են նույնացնում Էրիկի հետ: Քեզ դա չի՞ բարկացնում:

-Յուրաքանչյուր դերասան իր կյանքում ունի այդ առաջին դերը, որով իրեն հիշում են: Ինձ համար այդպիսին եղավ Էրիկի դերը: Անգամ հիմա երբ նկարահանվում եմ ուրիշ սերիալում, բոլորովին այլ դերով, ինձ միեւնույն է` հիշում են որպես Էրիկ: Դա ինձ չի բարկացնում, որովհետեւ ժողովուրդն ինձ սիրել է այդ կերպարում:

-«Սահմանին» ֆիլմում մարմնավորում ես զինվորի:  Ծառայե՞լ ես բանակում:

-Այո, ծառայել եմ Հայոց բանակում ու կարծում եմ` զինվորին մարմնավորելը պատասխանատու գործ է: Ծառայած լինելս շատ է օգնել կերպարիս մարմնավորելու հարցում, օրինակ կարողացել եմ ճիշտ օգտվել զենքից… կան այլ նմանօրինակ նրբություններ էլ:  Ինձ թվում է` ես պետք է կատարեի այս դերը: Մեր զորքին պետք է ցանկացած իրավիճակում ցույց տալ ուժեղ կողմերով:

-Լավ, խոսենք «Երանի» հեռուստասերիալից, որտեղ հանդես ես գալիս գլխավոր դերով: Կպատմե՞ս կերպարիդ մասին: Որքանո՞վ է այն տարբերվում քո` մինչ օրս կերտած կերպարներից:

-«Երանի» հեռուստասերիալի ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարը գրել է Անահիտ Մխիթարյանը: Ֆիլմում ես մարմնավորում եմ գլխավոր հերոսին` Արամին, որը փոքր-ինչ բացասական կերպար է, ինչով էլ տարբերվում է իմ նախորդ երկու սերիալային հերոսներից: Այս կերպարս բացասական է իր ապրելակերպով, սակայն ունի նաեւ դրական կողմեր: Կրկին հանուն մտերիմ ընկերների պատրաստ է ամեն ինչի գնալ, անգամ տանեցիների դեմ դուրս գալ:

-Իսկ հե՞շտ հարմարվեցիր նոր հեռուստատեսությանն ու անձնակազմին:

-Ընդհանրապես ես հարմարվող մարդ եմ` թե գործնական, թե անձնական կյանքում: Կան դերասաններ, որոնց վաղուց եմ ճանաչում, իմ լավ ընկերներն են եւ կան այնպիսիք, որոնց հետ նախկինում առիթ չէի ունեցել շփվելու, բայց հեռուստատեսային այլ նախագծերից էի ճանաչում: Խաղընկերուհիս գեղեցկուհի Շուշաննա Թովմասյանն է, որն ուղղակի հրաշալի ու տաղանդավոր անձնավորություն է: Սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Էդգար Ավագյանից, որի հետ դեռ չէի աշխատել: Բավականին լավ թիմ է հավաքվել, որոնք ստեղծել են նաեւ «Բախտաբեր» հեռուստասերիալն ու համանուն գեղարվեստական ֆիլմը: Մեծ սիրով եմ մոտենամ իմ գործին եւ կերպարին ու հուսով եմ` մեր աշխատանքը կսիրվի հեռուստադիտողի կողմից:

-Բեն, ասում են` ցանկացած դերասան երազում է գոնե մեկ անգամ մարմնավորել բացասական կերպարի: Քո դեպքում է՞լ էր այդպես:

-Ես կցանկանայի թե թատրոնում, թե կինոյում խաղալ ցանկացած դեր: Բացասական դերն էլ բացառություն չէ: Որպես դերասան պետք է, պարզապես,  գտնես այդ կերպարի ճիշտ կողմերը:

-Իսկ մտավախություն չունե՞ս, որ բարի եւ հոգատար Էրիկի կերպարից հետո այս բացասական կերպարդ չի ընդունվի ժողովրդի կողմից:

-Ինձ թվում է` այս կերպարս էլ կսիրվի, որովհետեւ ինձ տարբեր նախագծերից արդեն հասցրել են ճանչել, տեսնել իմ իրական կերպարը ու կարծում եմ` ցանկացած հասուն մարդ հասկանում է, որ այն ինչ տեսնում է հեռուստատեսությամբ, դա պայմանականություն է, ոչ թե իրականություն: Մենք դերասան ենք ու չպետք է վախենանք բացասական դերեր կերտելուց, ավելի շատ մտավախությունս կապված է կերպարիս ճիշտ մարմնավորելու հետ:

-Ինքդ մասնագիտությամբ դերասան ես, սակայն այսօր շատ են հանդիպում դեպքեր, երբ մասնագիտությամբ դերասանների կողքին նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Ինչպե՞ս ես վերաբերվում այս հարցին:

-Շատ վատ եմ վերաբերվում այդ հարցին, կարելի է ասել` հիվանդագին… Ոչ միայն նկարահանման հրապարակում, այլեւ, առհասարակ, ցանկացած բնագավառում, երբ տեսնում եմ ոչ համապատասխան կրթություն ունեցող մարդկանց, որոնք ուղղակի խցկվել են այդ ոլորտ` ունենալով ծանոթ կամ բարեկամ, շատ վատ եմ ընդունում այդ փաստը: Ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ` երգիչը` երգի, դերասանը` իր  դերը կատարի եւ այդպես շարունակ: Հաճախ դերասանի մասնագիտությանը վերաբերվում են` որպես հոբբիի: Ինձ շատ են հարցնում` ո՞ր ստուդիա գնամ դերասան դառնալու համար: Ամեն ինչ մտածում են, բացի Թատերական համալսարանում սովորելուց: Կարծում եմ` յուրաքանչյուր դերասան պետք է անցնի այդ դպրոցը: Հուսով եմ` կգա մի օր, երբ ամեն մարդ կաշխատի իր մասնագիտությամբ:

-Խաղում ես նաեւ ներկայացումներում: Քո կյանքում ի՞նչ  տեղ է զբաղեցնում թատրոնը:  

-Կարեւոր է, երբ դու առաջին քայլերդ սկսում ես բեմում, որտեղ անմիջական  շփվում ես ունենում հանդիսատեսի հետ: Ճիշտ են ասում` դերասանը պետք է կոփվի բեմում, որտեղ դու չունես սխալվելու իրավունք, չկան հավելյալ կադրեր: Ի դեպ, 2016 թվականին իմ լավ ընկերոջ` դերասան Կարեն Ասլանյանի հետ, պատրաստվում ենք ներկայանալ բեմական մի աշխատանքով` դա կլինի հետաքրքիր, էքշն ժանրի մի ներկայացում, որի մասին ավելի մանրամասն կիմանաք արդեն այս տարի:

-Միմյանց հետ միեւնույն տեսարաններում նկարահանվող դերասաններին հաճախ են սիրավեպեր վերագրում: Քո անձի շուրջ նման խոսակցություններ եղե՞լ են:

-Այո: Դա երեւի գալիս է նրանից, որ չունեմ խնդիր խաղալու այնպիսի տեսարաններում, որոնցից հաճախ շատ դերասաններ հրաժարվում են: Կարծում եմ` յուրաքանչյուր դերասան պետք է պատրաստ լինի խաղալու ցանկացած տեսարանում. դա ընդամենը խաղ է, սխալ կլինի դա վերագրել տվյալ մարդու կյանքին:

-Բեն, նկատել եմ, որ սոցիալական ցանցերում, բավականին ակտիվ շփվում ես երկրպագուներիդ հետ, մինչդեռ շատ դերասաններ նախընտրում են անհասանելի լինել… Անմիջական լինելը օգնո՞ւմ է քեզ, թե՞ խանգարում:

-Պետք չէ խուսափել հանդիսատեսի կամ երկրպագուների հետ շփումից. Չէ՞ որ, նույն ժողովուրդն է քեզ դարձնում ճանաչված եւ սիրված: Քո գործի ամենակարեւոր քննադատը ժողովուրդն է: Ես անմիջական մարդ եմ, փորձում եմ ավելի հասանելի լինել եւ շփման մեջ լինել հասարակ: Իհարկե, լինում են դեպքեր, երբ այդ շփումը սխալ է հասկացվում, տվյալ դեպքում փորձում ես որոշակի սահմաններ տարբերակել:

-Այդքան երկրպագուհիներիդ մեջ արդեն հասցրե՞լ ես գտնել այն միակին…

-Ոչ…Չեմ ուզում ասել, թե ժամանակային առումով չեմ հասցնում, որովհետեւ սիրո համար ժամանակ միշտ էլ կգտնես: Դեռ չի եկել այն պահը, որ հայտարարեմ, թե արդեն սիրում եմ եւ պատրաստվում եմ ամուսնանալ: Չէի ասի, թե բծախնդրությանս պատճառով եմ այժմ մենակ, պարզապես, առաջնային ցանկանում եմ ուշադրություն դարձնել կարիերայիս:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Make up` Աղավնի Պետրոսյան



© NEWS.am STYLE