Փլատակներից փրկված աղջիկը` գեղեցկության մրցույթների թագուհի. Հարցազրույց եւ ֆոտոշարք Լիլիթ Մարտիրոսյանի հետ

20:37   5 հունվարի, 2016

«Միսս Երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի ֆոտոնախագծում ներկայացավ Գայանե Մարտիրոսյանի հեղինակած չորս զգեստներով: Չնայած դրսում բավականին ցուրտ էր` հանուն մեր ֆոտոշարքի Լիլիթը համաձայնվեց շատ բարակ զգեստով լուսանկարվել նույնիսկ սառնամանիքի պարագայում:

Նկարահանումից հետո գեղեցկուհին պատասխանեց նաեւ մեզ հետաքրքրող մի քանի հարցի:

-Լիլիթ, մի՞շտ ես պատրաստ լինում նկարահանվել ցանկացած պայմաններում` ցանցկացած եղանակի դեպքում…

-Այո, կարող եմ ասել, որ բավականին կոփված մարդ եմ… Դժվարությունների սովորել եմ դեռեւս ծնվածս օրվանից: Երբ 1988 թ-ին Գյումրիում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը, ես ընդամենը մի քանի ամսեկան էի: Մեր տունը եւս ավերվեց այդ դաժան դեպքից հետո. ինձ  մայրս փրկեց ավերակներից… Համաձայն եմ ասվածի հետ, որ այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Այսպիսով, ինձ ցանկացած պարագայում ուժեղ մարդ եմ համարում:

-Երկրաշարժից հրաշքով փրկված աղջնակն ինչպե՞ս հայտնվեց մոդելային աշխարհում:

-Մոդելինգով սկսեցի զբաղվել 2012 թ-ից: Մինչ այդ ավելի շատ կենտրոնացած էի ուսմանս վրա, իսկ այդ ոլորտի հանդեպ բացարձակապես անտարբեր էի: Ծնողներիս, հատկապես, մայրիկիս խորհուրդով այդ տարի մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին, որտեղից էլ ինձ նկատեց «Ատեքս» նորաձեւության տան տնօրեն Օլգա Լավրենկոն, որն ինձ շատ աջակցեց այս ոլորտում: Սկսեցի հաճախել «Ատեքս» նորաձեւության դպրոցը: Հիշում եմ` ամեն օր Գյումրուց գալիս էի Երեւան: Իհարկե, շատ դժվար էր այդ ամենը, բայց կարեւորը` սիրով էի անում դա: Առհասարակ, ես ինչ անում եմ, սիրով եմ անում: Կարծում եմ` դա է հաջողության ամենակարեւոր գործոնը:

2012 թ-ից ինքս եմ փորձում ինչ-որ կերպ օգնել դժվարություններին առերեսվող մարդկանց` Գյումրու տնակային ավաններում ապրող հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Հուսով եմ` հաջողվում է ինչ-որ չափով մեղմել նրանց դժվարությունները:

-Լավ, խոսենք «Միսս Երկրագունդ» մրցույթից: Ոչ միայն հաղթեցիր «Տաղանդներ» փուլում, այլեւ համարվում էիր մրցույթի ֆավորիտներից մեկը: Չզարմացա՞ր, երբ հաղթող դարձավ Ֆիլիպինների ներկայացուվիչը:

-Մրցույթը հենց ֆիլիպիննական է եւ նախորդ տարի էլ էր Ֆիլիպինների ներկայացուցիչը դարձել հաղթող: Եթե անկեղծ` նման մրցույթներում կարեւոր են այն առաջարկները, որոնք ստանում ես դրանց ավարտից հետո: Ես, օրինակ, մի քանի առաջարկներ եմ ստացել Վիեննայից, Սինգապուրից, Թայվանից… դրանք դեռ քննարկման փուլում են: Առաջարկները վերաբերում են թե մոդելինգին, թե գեղեցկության մրցույթներին մասնակցությանը: Ինձ պարտված չեմ համարում: Ցանկացած մրցույթ ինչ-որ նոր հաջողության սկիզբ է: «Միսս Հայաստան» մրցույթում էլ չհաղթեցի, բայց փոխարենը ինձ նկատեցին «Ատեքս» նորաձեւության տանից, որտեղից էլ սկսվեց իմ հաջողությունը…

-Ասում են` գեղեցիկ կանայք ավելի ինքնավստահ են լինում: Համաձա՞յն ես այս մտքի հետ:

-Գեղեցկությունը, նախ եւ առաջ, հոգու եւ արտաքինի ներդաշնակությունն է: Շատ կանայք կան, որոնք գեղեցիկ են, բայց չեն նկատում դա եւ այլ ճանապարհների են դիմում գեղեցիկ երեւալու համար: Խոսքը  պլաստիկ վիրահատությունների մասն է, որոնք ես չեմ ընդունում: Իսկ երբ կինը գիտակցում է իր գեղեցկությունը եւ երջանիկ է իր արտաքինով, նրա աչքերը փայլում են եւ նա ավելի բարի է լինում էությամբ: Ընդհանրապես, այն ինչ Աստված է ստեղծել, կատարյալ է: Աստծո ստեղծածը գեղեցիկ է եւ չպետք է այն փոխել:

-Լիլիթ, 2015 թվականը, կարծես թե, քեզ համար բավականին հագեցած տարի էր…

-Այո, բավականին… 2015 թ-ին ինձ նկատեց «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը եւ հրավիրեց մասնակցելու «Top Model Հայաստան» մրցույթին: Այն հաղթելուց հետո մասնակցեցի Եգիպտոսում կայացած «Top Model Աշխարհ» մրցույթին: Հենց այնտեղ էլ ինձ նկատեցին և առաջարկեցին մասնակցել «Միսս Երկրագունդ» մրցույթին:

Բացի այդ` նկարահանվեցի գովազդային հոլովակներում: Այս ամենի համար շնորհակալ եմ Աստծուն եւ իմ ընտանիքին, որոնք միշտ ինձ աջակցում են:

-Քանի որ տոները դեռ շարունակվում են, ի՞նչ կմաղթես Ամանորի առթիվ:

-Շնորհավորում եմ բոլոր հայերին: Ես շատ եմ սիրում մեր երկիրը: Այն պահպանող զինվորներին մաղթում եմ առողջություն եւ խաղաղ ծառայություն: Երիտասարդները թող ուրախ լինեն, տարեցները` անհոգ, իսկ երեխաների դեմքից թող ժպիտն անպակաս լինի: Մաղթում եմ, որ մեր երազանքները երբեք անպատասխան չմնան:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի

Զգեստները եւ դիմահարդարումը` Գայանե Մարտիրոսյան

Նկարահանումն իրականացվել է «Մուսալեռ» ռեստորանային համալիրում           



© NEWS.am STYLE