Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լեւոնյանը, Սոս Ջանիբեկյանը եւ շատ ուրիշներ՝ «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմի պրեմիերային (ֆոտո)

10:02   7 հունվարի, 2016

Հունվարի 6-ին Կինո Պարկում կայացավ Մարկ Ֆուսկոյի եւ Վահիկ Փիրհամզէի հայերեն թագմանությամբ «Իմ քեռի Ռաֆայելը» հոլիվուդյան կոմեդիայի պրեմիերան, որի ռեժիսորն է Մարկ Ֆուսկոն, սցենարի հեղինակներն են՝  Վահիկ Փիրհամզէին եւ Սքոթ Յագեմանը, դերերում՝  Վահիկ Փիրհամզէի, Ռաքել Բլանկարդ, Թադեհ Ամիրյան, Ջեյսոն Ավալոս, Անահիտ Ավանեսյան, Օսթին Բաթլեր եւ Ֆրեդ Քրոս:

Հոլիվուդյան հուսահատ պրոդյուսերը համոզում է տարիքն առած մի հայազգի տղամարդու դառնալ ռեալիթի շոուի աստղ: Երբ քեռի Ռաֆայելը հայտնվում է Շումահերների ընտանիքում, անխուսափելի է դառնում մշակույթների բախումը:

«Մեր հերոսն ունի ընդամենը 1 շաբաթ, որի ընթացքում պետք է փրկի կործանման եզրին գտնվող ամերիկյան ընտանիքը: Ամերիկան ունի պրոբլեմ, իսկ հայազգի քեռի Ռաֆայելը ունի բոլոր լուծումները: Միակ խնդիրն այն է, որ բոլոր պայմանները թելադրում է հենց ինքը՝ քեռի Ռաֆայելը»,- ասել է Վահիկ Փիրհամզէին:

Ֆիլմում քեռի Ռաֆայելի ընտանիքի միջոցով ներկայացված են հայկական սովորույթները, արժեքները, տրված է պատմամշակութային տեղեկություն Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին: Հայկական ավանդական արժեքներով ապրող քեռի Ռաֆայելի խորհուրդները օգտակար են դառնում տարբեր ազգային պատկանելություն ունեցող մարդկանց համար, հատկապես՝ ամերիկյան փլուզվող ընտանիքի:

Ռաֆայելի եւ նրա որդի Համոյի կերպարները մարմնավորել է հենց Վահիկը:

«Շատ դժվար էր երկու տարբեր կերպար մարմնավորել: Մեկ ժամից ավել Ռաֆայելի կերպարի համար գրիմ էին անում: Նկարահանում էինք այդ կերպարին, հետո անցնում Համոյի կերպարի նկարահանմանը»,- ասաց Վահիկը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան  Միացյալ Նահանգներում կայացել է դեռեւս ամիսներ առաջ: Վահիկի խոսքով այն մեծ արձագանք է գտել Ամերիկայի  տասից ավելի քաղաքներում:

Հավելենք, որ Երեւանում կայացած պրեմիերայի հյուրերն էին Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լեւոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Արսեն Սարգսյանը, Ռոլանդ Գասպարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անդրեն, Ինգա եւ Անուշ Արշակյանները եւ շատ ուրիշներ:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE